Սեբաստյան Կուրցը կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Welt թերթին տված հարցազրույցում դատապարտել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները և կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ըստ Կուրցի՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնարար արժեքների պարբերական խախտումները՝ Եվրամիության ու Թուրքիայի միջև անդամակցության շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն։ Նա նման հայտարարություն է արել Վառնայում ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի հանդիպմանն ընդառաջ։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թուրքիան մնում է «Եվրամիության կարևոր ռազմավարական գործընկերը», որի հետ պետք է համագործակցել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը հունվարի 20-ին սկսել է սիրիական Աֆրինում քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմարշավը: Միևնույն ժամանակ, թուրքական ուժերի հետ պայքարում են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները: Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:










