ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Այսօր ՀՀԿ նիստից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեզ համար ամենառաջնայինը պետության շահն է, հայրենիքի շահն է, ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը է և ներքին կայունությունը: Այս մարտահրավերներով առաջնորդվելով է, որ ՀՀ որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել, ՀՀԿ-ն կքննակի բոլոր թեկնածուներին, նրանց ծրագրերը և մինչև քվեարկությունը միասին կներկայացնի իր որոշումը»,- նշեց նա:
Նա շեշտեց, թե նման որոշման հիմքում այն է, որ փոխվել քաղաքական վիճակը և իրենք առաջնորդվում են պետական շահով:
Շարմազանովը հավելեց, որ երբ բոլոր թեկնածուներն առաջադրվեն, այդ ժամանակ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը կներկայացնի, թե ում օգտին են քվեարկելու: Նա շեշտեց՝ ՀՀԿ-ի որոշումը միաձայն կլինի:
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու խորհրդարանական մեծամասնությունը չառաջադրեց իր թեկնածուին, Շարմազանովն ասաց, որ փոխվել է քաղաքական իրավիճակ և ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամ է: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ում նոր իրողություն կա, իսկ ՀՀԿ-ի համար, ըստ նրա, առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է:
«Մենք առաջնորդվում ենք կուսակցության հետ, բայց ազգի համար սկզբունքով: Մեր կուսակցության հիմնադիրներն ու քաղաքական հայրերը մեզ չեն ժառանգել կուսակցամոլության գաղափարը, մեզ ժառանգել են պետականամետության գաղափարը: ՀՀԿ-ն անկախ Հայաստանի ամենակարևոր հիմնասյուններից մեկն է, ինչը չի նշանակում, որ միշտ պետք է լինել իշխանություն: Մենք ցնցումների տանելու հայրենիք չունենք»,- ասաց:
Շարմազանովն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատրաստ է բանակցել ՀՀԿ-ի խմբակցության պատգամավորների հետ, ասաց, որ հետագա գործողությունների հետ կապված որևէ բան այս պահին չի կարող ասել:
Նա նաև հայտարարեց, թե ինքն շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ.«Իմ հասցեն անփոփոխ է՝ ՀՀԿ, Մելքի Ադամյան 2»,- շարունակեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 18:00-ը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու ՀՀԿ-ն: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք միասնական կլինեն, Շարմազանովն ասաց, թե կուսակցական կարգապահութունը պահանաջում է նման բա, սակայն յուրաքանչյուր իրավուքն ունի քվեարկել իր խղճի մտոք:
«Այս պահին մենք չգիտենք, թե բացի Փաշինյանից, ովքեր են առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար: Երբ բոլորը կներկայացվեն, կքննարկենք»,- ընդգծեց նա:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ ինքը չի համակարծիք չէ իր կուսակից Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի տեսակետը, թե քաղաքական դաշտը մենաշնորհված էր:
«Անկեղծ ասած՝ չեմ կիսում Դավիթ Հարությունյանի տեսակետը, քանի որ ՀՀԿ-ի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների արդյունքում է, որ այսօր ընդդիմությունն ավելի շատ իրավունք ունի, քան ունեցել է նախկինում: ՀՀԿ-ի կառավարման արդյունքում է, որ համաժողովրդական ազատ խոսքը չճնշվեց: Կարծում եմ՝ ՀՀԿ-ի մասին, երբ խոսում են մարդիկ, պետք է մի բան ասեն՝ ՀՀԿ-ն 10 տարիների կառավարման ընթացքում կարողացել է ավելի ժողովրդավար դարձնել Հայաստանն, ինչը ցույց տվեց վերջին զարգացումները: Ես գտնում եմ, որ Հայաստանում քաղաքական մենաշնորհ չի եղել, մենք Հայաստանը տարել ենք դեպի ժողովրդավարություն», - ընդգծեց ԱԺն փոխխոնակը:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցելու է և շեշտեց՝ ՀՀԿ-ն կա և կմնա:










