Տավուշում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը, դին հայտնաբերվել է հավաբնում

17:38 • 11.05.18

Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել:

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ սպանության դեպք է տեղի ունեցել և իրեն հայտնել են, որ 1965թ. ծնված ամուսինը կտրել է կնոջ կոկորդը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում դեպքի վերաբերյալ ասացին, որ ժամը 13:10-ին Արծվաբերդ գյուղի բժշկից ահազանգ է ստացվել, որ հավաբնում մորթված վիճակում գտել են 1969 թվականին ծնված Մ.Բ.-ին:

«Մեկնած խումբը պարզել է, որ վերջինիս ամուսինն իրենց տան նկուղային հարկի լոգարանում կտրել է կնոջ կոկորդը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնեցին Ոստիկանությունից:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի վայրի զննությունն ավարտվել է, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Դեպքին առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ կասկածյալին դեռ չեն գտել:

 

Տավուշում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը, դին հայտնաբերվել է հավաբնում