Հուսով եմ՝ իրավապահներն անաչառ կգտնվեն. Միհրան Պողոսյանը՝ իր օգնականի ձերբակալման մասին (տեսանյութ)

10:57 • 23.05.18

Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները անաչառ կգտնվեն և շատ արագ կպարզեն իրողությունը։  
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական խմբակցության» պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով իր օգնականի ձերբակալմանը ապրիլի 21-ինԿ. Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով։

Անդրադառնալով հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ հենց ինքն է մեքենայի մեջ եղել այդ օրը, Միհրան Պողոսյանն ասաց․ «Կան համապատասխան մարմիններ, որ հետաքննում են, եկեք առաջ չընկնենք և թույլ տանք համապատասխան մարմիներին իրենց գործն անել։ Նորից հույս եմ հայտնում, որ մեր համապատասխան մարմիներն անաչառ կգտնվեն»։

Պողոսյանը շեշտեց, որ ինքը չի հրահանգել և այլ հարցերի պատասխանել չցանկացավ՝ պատճառաբանելով, որ ԱԺ նիստը մեկնարկել է։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնել էին, Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Այդ օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1988 թվականին ծնված Ա. Իսոյանն է։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։



Անի Գևորգյան