Սոչիում ավելի քան 400 մարդ փնտրում է գետն ընկած երեխաներին
Սոչիում ավելի քան 400 մարդ փնտրում է 4 և 16 տարեկան երկու երեխայի, որոնք ուրբաթ երեկոյան գետն են ընկել: Այս մասին ասվում է Սոչիի քաղաքային ադմինիստրացիայի կայքում:
Դեպքը տեղի է ունեցել Սոչիի քաղաքային օկրուգի Խոստայի ներքաղաքային շրջանի Պլաստունկա գյուղում: Որոնողական աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր, իսկ առավոտյան նախատեսվում է շարունակել աշխատանքներն ուղղաթիռով:
Նշվում է, որ չորս անձից բաղկացած ընտանիքը որոշել է անցնել տեղի գետը ծանծաղուտով՝ անտեսելով մոտակայքում գտնվող կամուրջը: Սակայն առատ տեղումների պատճառով ջրի մակարդակն ու հոսքի արագությունը բարձրացած են եղել, ինչն էլ նման հետևանքների է հանգեցրել:
Գետն ընկած կնոջը հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ջրից, որից հետո նա փրկարարներին հայտնել է իր երկու երեխաների և ազգականի մասին: Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են գլխի վնասվածք ստացած տղամարդուն, սակայն երեխաների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:










