Վրաստանը 15 օրով հետաձգել է հացահատիկը բեռնատարներով փոխադրելու արգելքը, հայկական բեռնատարները փակել էին Բագրատաշենի անցակետը
Հայաստանից հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաներ կարճ ժամանակով այսօր արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով (թույլատրվում է միայն երկաթուղով)։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
«Բողոքի ակցիան տևել է 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտման թույլ են տվել իրականացնել իրենց բողոքի ակցիան, որովհետև նպատակը ոչ թե այն է եղել, որպեսզի խոչընդոտեն մաքսատան աշխատանքը, այլ ուղղակի ցույց տան, որ հայկական կողմն էլ միանում է Վրաստանի այդ որոշման դեմ իրականացվող ակցիաներին,-ասաց նա՝ ավելացնելով, որ անցակետն այս պահին բաց է:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վրաստանի իշխանությունները վերոնշյալ որոշումը հետաձգել են 15 օրով`մինչև հոկտեմբերի 1-ը։ Նրա խոսքով՝ նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:
Հացահատիկ ներկրողները պնդում են, որ եթե Վրաստանում ուժի մեջ մտնի վերգետնյա տրանսպորտով հացահատիկի ներկրումն արգելող որոշումը, ապա Հայաստանում ալյուրի գինը միանշանակ կթանկանա մեկ կիլոգրամը շուրջ 50 դրամով։
«Մեկ կիլոգրամ ալյուրը 50 դրամով կթանկանա, եթե ծովային տրանսպորտով բեռնափոխադրումներ կատարվեն և երկաթգծով աստղային գներով գա Հանրապետություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:
«Մինչև այժմ ցորենն ուղղակի գնվում էր ՌԴ-ից, Ստավրոպոլի երկրամասից, հիմա պետք է հացահատիկ առնվի ոչ թե ֆերմերից, այլ ծովափում վաճառող ընկերությունից, որը յուրաքանչյուր տոննայի մեջ եկամուտ պետք է ունենա վաճառելուց, կամ պետք է մինչև ծով հասցնել, քանի որ Ստավրոպոլի ճանապարհը, որ պետք է գար Հայաստան, փակվում է ինչ-ինչ պատճառով, և Հայաստանի ոչ մի կառույց մեզ այդ մասին չի ասում, չեն զգուշացնում, կարծեմ՝ Տրանսպորտի և կապի նախարարություն գոյություն ունի, որը մեզ չի էլ զգուշացնում»,-ասել էր նա:
«Բաղրամյան» ալրաղացի արտադրության պետ Սայադ Գասպարյանն էլ Tert.am–ի հետ զրույցում ասել էր, որ Վրաստանի այս որոշումը միջազգային կոնվենցիաների խախտում է: «Ո՞նց կարող են ասել՝ հացն իմ ճանապարհով մի տարեք, ճանապարհները խցանված են, զբոսաշրջիկների մուտքը խանգարում է, համաշխարհային պրակտիկայում նման բան չկա: Վրացական կառավարությունը իրանից դուրս օրենքներ է հանում, ամբողջ աշխարհում տրանզիտ մեքենաների արգելք չկա, ոնց որ Լեհաստանն արգելի իր ճանապարհով Գերմանիա բեռներ տեղափոխելը: Այդ մարդիկ իրենք իրենց որոշում են, անում, որ նավահանգստով տանեն, ինչն էլ թանկացնելու է հացահատիկի գինը, տոննայում ամենաքիչը 40-50 դոլար»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր Սայադ Գասպարյանը:










