Մոմավառություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (տեսանյութ)

18:50 • 01.10.18


20։00

Ժամը 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության մի շարք անդամների հետ։ 

Վարչապետը մոմ վառեց Հայաստանի ազգային հերոսի հիշատակին։ 



-------------------------

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին։

Այստեղ ժամը 20։00-ին Հայաստանի ազգային հերոսի հիշատակին տեղի կունենա մոմավառություն։

«Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ:

Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում։

Աշխարհահռչակ շանսոնյեն շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Հայաստանի ազգային հերոսի հիշատակին նվիրված արարողությանը կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։