Ժողովուրդը կորոշի` ով է քաղաքապետ լինելու, մեր թիմը պաշտոնի ու գահի հետևից չի ընկնում. Սևակ Միքայելյանը` Հրազդանի ընտրություններում առանց ՔՊ-ի աջակցության մասնակցության մասին
Վիրավորված չեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի աջակցում իմ թեկնածությանը, դրանից իմ շանսերը չեն նվազում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի ինքնաառաջադրված թեկնածու, կուսակցության Հրազդանի տարածքային գրասենյակի ղեկավար, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը` անդրադառնալով ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հայտարարությանը, թե ՔՊ-ի՝ Հրազդանի զարգացման վերաբերյալ տեսլականը չի համընկնում նրա առաջարկած տեսլականի հետ։
«Ժողովուրդը կորոշի, թե ով է լինելու քաղաքապետ, ժողովուրդը, նոր չէ, որ մեզ ճանաչում է, Հրազդանում մեր թիմին լավ գիտեն, միշտ պայքարել ենք հանուն ժողովրդի նախկին իշխանությունների ժամանակ, ունեցել ենք բազմաթիվ դժվարություններ, ժողովրդի աջակցությամբ հաղթահարել ենք: Կրկնում եմ՝ բնակչությունը բոլոր թեկնածուներին, մեզ էլ լավ գիտի»,-ասաց Սևակ Միքայելյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես իր ներկայացրած զարգացման տեսլականը չի համընկել ՔՊ-ի տեսլականի հետ. չէ՞ որ տարածքային կառույցի ղեկավարն է Սևակ Միքայելյանը՝ նա ասաց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
«Մեր ծրագրերին, նոր չէ, որ Հրազդանում պետք է ծանոթանան, մենք երբեք չենք եղել այն հարթակներում, որտեղ գանձ, գահ ու պաշտոն կարող էր լինել, եղել ենք պայքարի առաջնագծում, դուք էլ գիտեք. ոչինչ նորմալ է, եթե չեն սատարում, իրենց որոշելիքն է»,-նշեց Սևակ Միքայելյանը:
Քաղաքապետի թեկնածուն շեշտեց, որ իրենց ծրագրերն ի շահ բնակիչների են, քաղաքի տնտեսության զարգացման համար են:
Հիշեցնենք, որ Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 5 թեկնածու: ՔՊ-ն Հրազդանում թեկնածու չի առաջադրելու:










