Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից. Հայկ Բաբուխանյանը՝ ԸՕ նախագիծը 24 ժամում ընդունելու մասին

12:25 • 22.10.18

Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծը, նշելով, որ կառավարությունը ԱԺ-ին ներկայացրել է 2018-ի հոկտեմբերի 22-ին գումարած ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպելու վերաբերյալ որոշման նախագիծ, որով առաջարկվում է առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո 24 ժամյա ռեժիմում անցկացնել երկրորդ ընթերցում:

Զեկուցող Արտակ Զեյնալյանին ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ նրան ճանաչում է որպես  ժողովրդավար, սկզբունքների համար պայքարող անձ:

«Հիմա ինձ համար զարմանալի է այն, ինչ Դուք հիմա ասում եք, ինձ համար զարմանալի է, որ Դուք ասում եք ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար փաթեթը պետք է  ընդունվի 24 ժամում, երբ այդպիսի իրավիճակ իրականում չկա, ֆորսմաժորային իրավիճակ արհեստականորեն ստեղծվում  է կառավարության կողմից, արհեսականորեն օրակարգ է դարձվում այն, ինչը մեր ժողովրդի համար հեչ էլ օրակարգային չպիտի լիներ: Հիմա դու գտնում եք, որ այդ արհեստական օրակարգով ստեղծել իրավիճակ և 24 ժամում նման կարևոր հարց  և երկրորդը՝ անգամ եթե Դուք ամեն ինչ իրականացնեք, արդյոք կուսակցությունները հնարավորություն կունենան նորմալ պատրաստվեն արտահերթ ընտրություններին»,-հացրեց Բաբուխանյանը:

Նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը Բաբուխանյանի խոսքի առաջին մասի համար շնորհակալություն հայտնեց նրան, իսկ երկորոդ մասի հետ, որ արհեստականորեն ստեղծվում է ֆորսմաժորային իրավիճակ, չհամաձայնեց:

«Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդն այլ սպասումներ ունի երկրի քաղաքական իշխանություններից: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեղ է գտել նաև Կառավարության ծրագրում, որը հաստատվել է ԱԺ-ի կողմից, ըստ որի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Երկրում այս պահին հակասահմանադրական վիճակ է, երբ ԱԺ-ում բացակայում է կայուն մեծամասնությունը և այս ճգնաժամը պետք է լուծվի»,-ասաց Զեյնալյանը:

Արձագանքելով՝ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ ինքը չի մտնի բանավեճի մեջ Երևանի ավագանու ընտրությունների, սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ Արտակ Զեյնալյանի կարծիքի հետ, բայց խնդրեց պարզաբանել, եթե ընդունվի ԸՕ-ն, և նոյեմբերի 1-ին սկսելու են այդ օրենքով նախընտրական գործընթաց, յոթ օրում կուսակցությունները կհասցնե՞ն ցուցակներ կազմել, նախապատրաստվել ընտրություններին.«Յոթ օրը բավարա՞ր է նոր ԸՕ-ին հարմարվելու համար, թե՞ ոչ: Ես այս փաթեթում դրական փոփոխություններ եմ տեսնում, բայց բացասական է այն, որ կուսակցություններին հնարավորություն չի տրվում  նախապատրատվել այս ընտրություններին, նման ընտրությունները ժողովրդավարակա՞ն են»:

Զեյնալյանն ասաց, որ այն փոփոխությունները, որոնք արվում են, եղած փոփոխությունների ընդամենը պարզեցում են, բարդացում եթե կա, դրանք տեխնիկական են:

 

Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից. Հայկ Բաբուխանյանը՝ ԸՕ նախագիծը 24 ժամում ընդունելու մասին