Ծառուկյանի հետ ստորագրած «բարաթ» -ն էլ է ձեր ձեռքը, 63 հոգով ընդունեք, իրար ծափահարեք, ի՞նչ եք ուզում ՀՀԿ-ից. Է. Շարմազանովը՝ նոր ԸՕ-ի ընդունման մասին

15:18 • 28.10.18

Վաղը՝ Աժ արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվելու է նոր Ընտրական օրենսգիրքը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը քվեարկելու է այնպես, ինչպես հայտարարել էր մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարության մեջ: Այսինքն՝ ոչ կողմ, իսկ թե ինչպես՝ ձեռնպա ՞ հ կլինեն, թե բացակա, արդեն տեխնիկայի հարց է:

Tert.am -ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր տեսակետը հայտնի է, այն է, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք, խաղի կանոններ փոխել: Հանրապետական կուսակցության համար սա սկզբունքային հարց է, քաղաքական որոշում է, ոչ թե որոշների նման, որ մի քանի ժամ առաջ մի բան են ասում, մի ինչ-որ  x  պահի՝ մեկ այլ բան»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո անցած հինգուկես ամիսները ցույց են տվել, որ  Հայաստանի նոր իշխանություններն այս Ազգային ժողովում 63 պատգամավորի հետ աշխատելու փորձ ունեն, այսինքն՝ պետք եղած դեպքում, այդքան ձայն կարող են ստանալ:

«Զիմզիմովի «բարաթ» -ն էլ է իրենց ձեռքը, գնացե՛ք, ձեր 63 հոգով ընդունեք, իրար ծափահարեք, ի՞նչ են ուզում Հանրապետականից, Հանրապետականի որոշումը քաղաքական է: Ի՞նչ է, որ ինքն ասում է, ես իմ կարծիքը չեմ փոխելու, էդ ինքն այդպես սկզբունքային գործիչ է, մենք էլ՝ չգիտեմ ի՞նչ: Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, Շարմազանովի հետ կարելի է պայմանավորվել, հա՞:  Ինչ-որ 0 ձայնով են վախեցնում, կամ ասում են՝ պառլամենտում չենք լինի: Չենք լինի, թող չլինենք, եթե մարդկանց համար մանդատ ունենալը երջանկության չափանիշ է,  ինձ համար իմ սկզբունքները պաշտպանելն է երջանկության չափանիշ»,-ավելացրեց Շարմազանովը՝ հստակեցնելով, որ  «բարաթ» ասելով՝ նկատի ունի Փաշինյան-Ծառուկյան հուշագիրը:  Իսկ 63 հոգին «Ելքի»,  «Ծառուկյան» խմբակցության ու ՀՀԿ խմբակցությունից պոկված կամ չպոկված այն պատգամավորներն են, որոնք վճռորոշ քվեարկությունների ժամանակ ապահովել են 63 ձայն:

Հիշեցնենք, որ հենց այդքան՝ 63 ձայն է պետք սահմանադրական օրենքներ ընդունելու համար, իսկ Ընտրական օրենսգիրքը դրանց թվում է:

Շարմազանովը, այս համատեքստում ամփոփելով՝ Փաշինյանին հաջողություն մաղթեց, բայց նշեց, որ պետք է լինեն խաղի արդար կանոններ: Նա նաև ասաց, որ որևէ մեկը չփորձի Հանրապետականին շանտաժ անել:

Անդրադառնալով ցուցակներին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ  դրանք, գոնե բաց տեքստով, իրենց մոտ դեռ չեն քննարկվում: Նա ավելացրեց, որ հնարավոր է, կուսակցականների անձնական առաջարկների մակարդակով նման պրոցես կա:

«Կարող է՝ ամեն մեկս ասի, որ լավ կլիներ՝ լիներ այսինչը կամ այնինչը» -ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ նախորդ արտահերթին, երբ ԸՕ-ն տապալվեց՝ չհավաքելով 63 ձայն, ՀՀԿ -ից կողմ քվեարկեց միայն Ռուզաննա Մուրադյանը, որը դրանից հետո մանդատից հրաժարվելու դիմում գրեց:

Հարցին, թե հանդիպե՞լ են կուսակցական գործընկերուհու հետ, պարզե՞լ են  խմբակցության որոշմանը հակառակ քվեարկելու պատճառը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ տիկին Ռուզաննայի հետ չի զրուցել, բայց հարգանքով է վերաբերվում նրա որոշմանը:

Վաղվա քննարկմանն ու քվեարկությանը անձամբ Շարմազանովը չի մասնակցելու, քանի որ մեկնում է  Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, որը, հիշեցնենք, Երևանից, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղափոխվել էր Մոսկվա:

«Եվ մենք ու կոնկրետ՝ ես, երբեք «վիզս ծուռ» չեմ գնացել, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Մենք «վիզներս ծուռ» չենք գնացել, բանակցել, մեր մոտ «վիզը ծուռ» բան չի եղել: Թող իրենք մի հատ համապատասխան տեղերում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարց բարձրացնեն, երբ նույն Պուտինի հետ հանդիպման ժամանակ կխոսեն գործընկերների ոչ դաշնակցային պահվածքից, երբ կգնան Թուրքիա՝ Ցեղասպանության ճանաչման մասին կխոսեն, իմ նման 10-ից ավել երկրներում Ցեղասպանության ցուցահանդեսներ կկազմակերպեն ու մի շարք երկրներում կանցկացնեն բանաձևեր, էն ժամանակ կասեմ՝ ապրեք:  Վիզը  ծուռ… վիզը ծուռի մասով ճշտեք ձեր աշխատողներից» - ավելացրեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երբ երեկ ՀՀ պաշտանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, հայտարարել էր, որ Փաշինյանի կառավարությունը հետևողականորեն ավերում են այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր՝ ասելով, որ նախկիններն էին  վարում ծնկաչոք, «վիզը ծուռ» քաղաքականություն:

Հանրապետական պատգամավորը իր խոսքն ավարտեց Սողոմոն Իմաստունից մեջբերումով. «Սա էլ կանցնի»:

Ավելին՝ ՀՀԿ խոսնակը ասաց, որ կյանքը գեղեցիկ է իր անակնկալներով  ու իր մարտահրավերներով:

Անուշ Դաշտենց