Հանցագործությունների թվի աճ է գրանցվել, որովհետև ոստիկանությունում իսպառ վերացել է հանցագործությունը թաքցնելը. Վալերիյ Օսիպյան
Հանցագործությունների թվի աճ գրանցվել է, սակայն այդ աճը մտահոգիչ չէ և առայժմ առնչություն չունի համաներման հետ:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
«Հանցագործությունների թվի աճն առայժմ պայմանավորված չէ համաներմամբ, պայմանավորված է մի քանի գործոններով: Օրինակ, իսպառ վերացել է ոստիկանության համակարգում հանցագործությունը թաքցնելը, որը նախկինում շարունակվում էր:
Քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ աճել է, քաղաքացիներն անգամ մի փոքր հարցով անմիջապես դիմում են ոստիկանությունը, աճել են լատենտային հանցագործություններն ու տնտեսական հանցագործությունների բացահայտումը, սրանով է պայմանավորված այդ աճը: Եթե դուք ուսումնասիրեք, ապա գնահատական տվեք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվին, որոնք նվազել են»,- ասաց Օսիպյանը:
Դիտարկմանը, թե բողոքներ կան, որ բնակարանային հանցագործություններն աճել են, Օսիպյանն ասաց. «Ստիպված եմ կրկնել, եթե առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով չէին դիմում, ապա հիմա շատ են դիմում ոստիկանությանը»:
Դիտարկմանը, թե հանցագործությունները չեն բացահայտվում, Վալերիյ Օսիպյանը չհամաձայնեց. «Դուք չեք տիրապետում ոստիկանության համակարգին. ինչո՞ւ եք իմ փոխարեն պատասխանում ձեր հարցին: Օրինակ բերեմ՝ Արարատի բաժինը հանցագործության դեպք է բացահայտել, որն իր մեջ ներառում է մի քանի դրվագներ, ավազակային բացահայտում՝ նախկինում կատարված, ինչի համար չեն էլ դիմել»:
Հարցին, թե նախկինում թաքցնում էին հանցագործությունների գրանցումը, օրինակ դա ինչպես էր լինում, որ թաքցնում էին, արդյոք Վլադիմիր Գասպարյանի ցուցումո՞վ էր լինում, Օսիպյանն ասաց.
«Վլադիմիր Գասպարյանը միշտ պահանջել է, որ չթաքցնեն, առաջին օրվանից դա պահանջել է: Գիտեք՝ դա ոնց է կատարվում, գալիս էր քաղաքացին, ոստիկանները, որպեսզի դա չազդի ցուցանիշների վրա, համոզում, էին, ասում էին՝ լավ կլինի, որ դուք գնաք, մենք անպայման կհայտնաբերենք, բանավոր գրանցում էին ու ոչ պաշտոնական ընթացք էին տալիս, այսինքն՝ լինում էր փաստացի չգրանցված դեպք: Ուզո՞ւմ եք, ես ձեզ ցուցանիշներ ցույց տամ, որ դուք բոլորդ հիանաք, ասեք՝ էս ինչ լավ է աշխատում ոստիկանությունը. ես ստե՞մ ձեզ, ստե՞մ ոստիկանությանը»:
Հարցին, թե նախկինում ստե՞լ են, Օսիպյանն ասաց, որ ինքը օրինակ բերեց, թե դա ոնց է լինում:
«Եթե տեղեկություն լինի, որ նախկինում որևէ ոստիկան առաջնորդվել է այդ գործելաոճով, անպայման կենթարկվի պատասխանատվության»,- ասաց Օսիպյանը:
Ինչ վերաբերում է օպերատիվ իրավիճակին, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ պատասխանատվությամբ ՀՀ-ը դասում է անվտանգ երկրների շարքին:
«Մեզ մոտ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ օտարերկրացի, իրեն ապահով է զգում, և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկանությունը դա ապացուցել է»:
Առաջիկա ընտրությունների վերաբերյալ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ ունի հնարավոր խախտումների կատարման վերաբերյալ:










