Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում արդեն 10 բողոք է ստացել

13:20 • 28.11.18

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 28-ին մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում տասը բողոք է ստացել:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:

«Ներկայում շրջանային հանձնաժողովներ է ստացվել տասը բողոք, որոնք օրենքով սահմանված ժամկետներում կուսումնասիրվեն համապատասխան հանձնաժողովների կողմից»,-ասել է խոսնակը:

Միքելաձեն մանրամասնել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ ընտրատեղամասերի աշխատակիցներն ընտրողներից հարցրել են նրանց տվյալները, ինչն արդեն խախտում է: Խոսնակը բոլորին կոչ է արել հետևել օրենքին ու ապահովել ընտրությունների անցկացումը խաղաղ միջավայրում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն Միացյալ ընդդիմության գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այսօր տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին:

Վաշաձեն ասել է, որ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան հոկտեմբերի 28-ին անցկացված ընտրությունների առաջին փուլում: Մասնավորապես՝ գյուղերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամները սրահից դուրս են հանել ընդդիմության ներկայացուցչին: Պատճառը, ինչպես վստահեցնում է շտաբի ղեկավարը, եղել է այն, որ դիտորդները գրանցել են՝ ինչպես են ընտրողներին ստիպում ցույց տալ քվեաթերթիկները:

Նման մի դեպք էլ գրանցվել է Թբիլիսիի Դիդուբե շրջանի ընտրատեղամասերից մեկում:

Աղբյուրը մանրամասնում է, որ նորընտիր նախագահն ընտրվում է պաշտոնավարման վեցամյա ժամկետով: Հատկանշական է, որ սրանք Վրաստանում ուղիղ քվեարկության միջոցով անցկացվող վերջին նախագահական ընտրություններն են: Ապագայում երկրի նախագահի ընտրության պատասխանատվությունը վստահվելու է 300 պատվիրակի:

Ընտրությունների երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն:

Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում, որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը: Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը: