Ուղղակի ճնշումներ չկան, բայց Սյունիքի մարզպետը ներքին կարգով հրահանգում է աշխատել ՔՊ-ի օգտին. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ նախընտրական ցուցակի 4-րդ համար և վարկանիշային ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատում է՝ ուղղակի ճնշումներ չկան, բայց Սյունիքի մարզպետը ներքին կարգով հրահանգում է աշխատել «Իմ քայլը» դաշինքի օգտին:
«Այո, ասել եմ և իմ ասածը պնդում եմ, մարզպետը ներքին կարգով, իհարկե ոչ բացահայտ ճնշումներով, ուղղորդում է համայնքապետերին, որ բոլորն աշխատեն ՔՊ-ի թեկնածուների օգտին, և դա միանշանակ է, և որևէ մեկը չի կարող այդ միանշանակ պնդումը հերքել»,-ասաց նա:
Իսկ թե իրեն որտեղի՞ց նման ինֆորմացիա, Զոհրաբյանն ասաց, որ բազմաթիվ համայնքապետերից, ովքեր ունեն ներքին ուղղորդում՝ ՔՊ-ին առավելագույն ձայներ բերելու համար անել առավելագույնը: «Եվ շատ դեպքերում ոչ թե կոնկրետ ՔՊ-ի այս կամ այն ռեյտինգային թեկնածուի օգտին են ուղղորդում, այլ հենց ՔՊ քվեաթերթիկը վերցնեն ու գցեն, եթե չեն ուզում կոնկրետ ՔՊ որևէ թեկնածուի կողմ քվեարկել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այսինքն՝ կարելի է արձանագրել, որ վարչական ռեսուրս է կիրառվում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ոչ ուղղակի. «Իհարկե, ասում են՝ եթե ուզում եք հնարավորություն տալ, որ ՔՊ-ն շարունակի իր ռեֆորմները, ունենա մեծամասնություն, պետք է անել առավելագույնը ՔՊ-ի օգտին քվեարկելու համար»:
Իսկ թե այս ընթացքում նկատել է՝ արդյո՞ք քաղաքացիների վրա նման հորդորներն ազդեցություն ունեն, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դա իրեն բացարձակ չի հետաքրքրում, և ժամանակ չունի դրանով զբաղվելու: «Ես ուղղակի տեսնում ու լսում եմ, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում, հույս ունեմ, որ մեր քաղաքացիները չեն ենթարկվելու որևէ ուղղորդման և կատարելու են իրենց արդար ընտրությունը:
Եթե քաղաքացու արդար ընտրությունը լինելու է ՔՊ-ն, ես կողջունեմ այդ ընտրությունը, եթե լինելու է որևէ այլ կուսակցություն, ես կողջունեմ ազատ և արդար քվեով ձևավորված ցանկացած ընտրություն»,-եզրափակեց նա:










