ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ, ԵԱՏՄ օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Լուկաշենկոն. Դմիտրի Պեսկով

14:17 • 07.12.18

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել: 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ լուծվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: 

«Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը: 

Նրա խոսքով՝ այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա եղել: «Աշխատանքները շարունակվելու են»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: 

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ այդ հարցն արդեն լուծված է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է լինելու Բելառուսի ներկայացուցիչը: Իսկ վարչապետի մամուլի խոսնակն ասել էր, որ այդ հարցը լուծված չէ: 

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը հիսուներորդական հարց է. թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն:

«Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա՝ ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ, ԵԱՏՄ օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Լուկաշենկոն. Դմիտրի Պեսկով