Քանի դեռ բանակցություններն ընթանում են, գործելու են գազի սակագնի այն պայմանները, որոնք այժմ առկա են. Տ. Ավինյանի խոսնակ
Քանի դեռ բանակցություններն ընթանում են, գործելու են գազի սակագնի այն պայմանները, որոնք այժմ առկա են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Նշենք, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը բանակցություններ է վարում «Գազպրոմ» ընկերության և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Տիգրան Ավինյանի ենթակայության տակ գտնվող կառույց է:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա. «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով»,- ասել էր Ն. Փաշինյանը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն էլ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր. «Գազի գինը, կարծում եմ, չի բարձրանա: Բանակցությունների արդյունքում պարզ կլինի, կձևավորվի գին սահմանին, հետո արդեն՝ սպառողների համար»:










