Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի համաժողովին. Կառավարություն
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դավոս։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին Կառավարության լրատվության վարչությունից։
«Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին»,- հայտնեցին Կառավարությունից։
Հիշեցնենք, որ Դավոսի համաժողովին այս տարի չմասնակցելու իրենց մտադրության մասին հայտարարել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր չմեկնալու պատճառը համարել է դեմոկրատներին:
«Սահմանների անվտանգության հարցում Դեմոկրատների անհաշտության և մեր երկրի համար անվտանգության մեծ նշանակության պատճառով հարգանքով չեղյալ եմ հայտարարում իմ շատ կարևոր այցը շվեյցարական Դավոս,- գրել է Twitter-ում նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ չմասնակցելու վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը չի կարողանա ներկայանալ համաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:
Նշենք, որ համաժողովի թեման ձևակերպված է այսպես՝ «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»:










