Չպետք է լինի որևէ մարմին, որ խորհրդարանի վերահսկողությունից դուրս մնա, այդ թվում՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը. Սերգեյ Բագրատյան

20:35 • 02.02.19

Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը միանշանակ պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, չպետք է լինի որևէ մարմին, որ խորհրդարանի վերահսկողությունից դուրս կմնա. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:  

«Մենք անհրաժեշտ և պարտադիր ենք գտնում հաշվետվողականությունը և՛ ԱԱԾ-ի, և՛ Ոստիկանության»,-ասաց նա: Վերջինս հավելեց, որ այդ կառույցների լիազորությունները պետք է վարչապետի վերահսկողությունից անցնեն խորհրդարանին, քանի որ այլ ձևաչափով վերահսկողություն իրականացնել իրեն հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նշել էր, որ միանշանակ է, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհն այդ կառույցները նախարարություն դարձնելն է:   

«Այդ ձևաչափը ծանոթ ձևաչափ չէ, հնարավոր չէ, որ դա և՛ լինի վարչապետի ենթակայության, և՛ խորհրդարանին հաշվետու, այսինքն՝ դա օրենքի ուժով ձևակերպված չէ, կլինի կամավոր և ցանկալի իրավիճակ, բայց ոչ երբեք օրենքի ուժով: Հիմա, եթե բոլոր նախարարությունները, այդ թվում նաև ՊՆ-ն, ԱԻՆ-ը հաշվետվություն են ներկայացնում խորհրդարանին, հարցուպատասխանի ժամանակ գալիս են, պատգամավորների հարցերին պատասխանում են, մենք կարողանում ենք տվյալ  նախարարության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանել, այնինչ չենք կարողանում իրականացնել Ոստիկանության կամ ԱԱԾ-ի նկատմամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, որ եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան, ապա այդ ուժային կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու են, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ քաղաքական ուժը ձևավորում է այդ կառավարությունը, և արդեն գործընթացը քաղաքական է:

«Բայց երբ որ դու հաշվետվողականություն ես ապահովում, ինքը մնում է օրենքով սահմանված իր լիազորությունների մեջ, այսինքն՝ անկախ է գործում և հաշվետու է խորհրդարանին և ոչ թե կոնկրետ անձի, ով իրեն կնշանակի»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանը նաև նշեց, որ տեղին չեն իշխանության ներկայացուցիչների կողմից բերված այն հակափաստարկները, որ Սահմանադրության հետ զուգահեռ պետք է ճշգրտումներ արվեն, որպեսզի նման փոփոխություն նախաձեռնվի. «Ինչ ասում եմ, դա Սահմանադրությամբ ամրագրված է, խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանը բարձրագույն մարմին է»:

Ի դեպ, ըստ ԲՀԿ պատգամավորի՝ իրենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգով չեն նման պնդումներ անում, այլ միշտ էլ ասել են, որ չպետք է լինի մի կառույց, որը խորհրդարանական  վերահսկողությունից դուրս մնա: «Մենք երբ դա ասել ենք, ԼՀ-ն դեռ կուսակցություն չէր»,-ասաց նա: