«Ես ընկերներ եմ կորցրել». «Սասնա ծռերը» չեն համաներվի Վալերիյ Օսիպյանի առարկության պատճառով (տեսանյութ)
12։55
Այսօր ՊՊԾ գնդի զավթման գործով դատարանում ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով գնդի զավթման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր, նա գործով տուժողի կարգավիճակ ունի:
Դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանված է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում: Վալերիյ Օսիպյանն ասաց.«Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»:
Դատավոր Մակյանի հարցին, թե այսինքն՝ կարող է դատարանն արձանագրել, որ Օսիպյանն առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել, ոստիկանապետը պատասխանեց.«Այո»:
Վալերիյ Օսիպյանի հարցաքննությունն ավարտվեց:
Նշենք, որ Համաներման մասին օրենքով սահմանվում է 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:
11։42
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը եկել է դատարան՝ ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք տալու:
Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի: 2016-ին, երբ տեղի է ունեցել գնդի գրավման դեպքը, Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:










