Տնտեսական քաղաքականության գերակայությունները շարունակում են մնալ բիզնես դաշտում ազատ մրցակցային պայմանները, արտահանման համար անհրաժեշտ կարգավորումները. նախարար

15:32 • 03.03.19

Ես իմ լավագույն ջանքը, փորձառությունը և գիտելիքները պետք է գործադրեմ մինչև հիմա չհասկացված բոլոր հնարավորությունները հասկանալու և կյանքի կոչելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, ըստ որի՝ նախկին իշխանության կադրերը չեն կարող տնտեսության մեջ հեղափոխություն անել և հորդորում են վարչապետին զգուշավոր քաղաքականություն իրականացնել:

«Այո, Կառավարության նպատակները շատ հավակնոտ են, դրանք ենթադրում են արագության չափազանց բարձր չափանիշներ, և պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ, ովքեր այդ սպասումներն ունեն, չհիասթափվեն: Այսինքն՝ դա կապված կլինի թե՛ փոքր և միջին բիզնեսին վերաբերող կարգավորումներին, թե՛ բիզնեսի կարգավորումներին ընդհանրապես. մենք պետք է նկատված խնդիրների առնչությամբ տանք որակյալ և արագ լուծումներ»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ ժամանակը կարձանագրի՝ իրականացված կարգավորումները համահունչ են այն սպասումներին, որը ունի հասարակությունը, ինչը կնշանակի, որ Կառավարության, վարչապետի կողմից իրեն ցուցաբերված վստահությունն արդարացված է:

Հարցին, թե արդյոք իրեն համարում է հեղափոխական ծրագրեր իրականացնող, Տիգրան  Խաչատրյանը դրական պատասխան տվեց: Հարցին, թե նախկինում կաշկանդված եղել է՞, որ չի իրականացրել նման ծրագրեր, նախարարն ասաց, որ կաշկանդված չի եղել տեսակետներ արտահայտելու հարցում: «Ոչ էլ հակասություն է եղել: Տնտեսական քաղաքականության առումով գերակայությունները շարունակում են մնալ բիզնես դաշտում ազատ մրցակցային պայմանները, արտահանման համար բոլոր անհրաժեշտ կարգավորումները, որակով կարգավորումները՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար խնդիրները լսելու, դրանց արձագանքելու, լուծելու կարողությունների ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է իր զգուշավոր քաղաքականությանը, ապա Տիգրան Խաչատրյանն ասաց. «Պատկերացրե՛ք՝ դուք ունեք որոշակի իրողություն, տնտեսության մեջ այդ իրողությունը կոչվում է առկա իրավիճակ, և տեխնոլոգիական ու տեխնիկական զինվածության, աշխատակիցների մասնագիտական որակավորման առումով դրանք մեկ օրում չեն փոխվում, դրանք փոխվում են ժամանակի ընթացքում, կադրերին ուսուցանելու, վերապատրաստելու և այլն, այս բոլորը ժամանակ և ներդրումներ են պահանջում, դրանք գործընթացներ են, պետք է իրականացվեն հետևողականորեն և պետք է ունենանք համբերություն, որ սպասենք տեսանելի արդյունքների»,- ասաց նա:

Անդրադառնալով ներդրումներին և պատասխանելով հարցին, թե հատկապես որ երկրների հետ հարաբերություններում է տնտեսական ակտիվություն նկատվում վերջին ամիսներին, տնտեսական զարգացման նախարարն ասաց` բոլոր: «Օրինակ, մեկ շաբաթ առաջ Գերմանիայից բիզնեսմենների այց կար Հայաստան, ովքեր փորձում էին տարբեր ուղղություններով հասկանալ իրենց համագործակցելու հնարավորությունը, եկող շաբաթ կա մեծ պատվիրակություն, որը պետք է ժամանի Բուլղարիայից, դրանք մեծ ֆորումների շրջանակում կատարվող այցերն են, միակը չեն, և կան անհատական այցեր: Բոլոր ուղղություններով հետաքրքրությունը մեծացել է»,-ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, համաձայն որոնց՝ նախատեսվում է, որ ինքը պետք է հրաժարական տա, ասաց, որ չի կարող մեկնաբանել մի բան, որն իր հետ կապ չունի: «Ազատ մամուլ է, ով ինչ ուզում է, գրում է, պարտադիր չէ, որ հիմք ունենան»,- ասաց նա: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, նա ասաց. «Ինձ հայտնի պատճառ չկա հրաժարական տալու համար»: Նա նշեց, որ Կառավարության հետ հարաբերությունները նորմալ են:

 

 

 

 

 

 

Տնտեսական քաղաքականության գերակայությունները շարունակում են մնալ բիզնես դաշտում ազատ մրցակցային պայմանները, արտահանման համար անհրաժեշտ կարգավորումները. նախարար