Փաշինյանը հասկանում է՝ ԼՂ բանակցությունների պատասխանատվությունից հրաժարվելը քաղաքական ինքնասպանություն կլինի. ըստ ամենայնի, որոշում կա գործընթացը շարունակել գործող ֆորմատով. Վ․ Սողոմոնյան (տեսանյութ)
Ճիշտ կլինի, որ արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցեն Ղարաբաղն ու Ադրբեջանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այս ձևաչափը կարտահայտի հակամարտության իրական ֆորմատը: Սա կոնֆլիկտ չէ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, սա տարածքային կոնֆլիկտ չէ, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Մինսկի խմբի հայտարարությունն այն մասին էր, որ միջնորդները պատրաստ չեն ձևաչափերի փոփոխության:
Թյուր կարծիք է, որ Ղարաբաղը մասնակցել է բանակցային գործընթացին այս ֆորմատով, նկատի ունեմ, երբ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կամ իրենց ներկայացուցիչները կարգավորման վերաբերյալ բանակցություններ են վարել: Դրանց ԼՂ ներկայացուցիչները սկսած 96-97թթ.-ից չեն մասնակցել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Ըստ նրա՝ երբ ԼՂ ներկայացուցիչները մասնակցում էին, Ադրբեջանը բերում էր ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, փորձում էր ստեղծել քառակողմ ֆորմատ: «Որպես այդպիսին կարգավորման քննարկում ԼՂ ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ բանակցային սեղանի շուրջ երբևէ չի եղել: Եղել է ոչ ուղղակի, միջնորդավորված բանակցություն: Ստեփանակերտի ներկայացուցիչները հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ, Հայաստանի նախագահն էլ տեղյակ է պահել ընթացքի մասին, Ստեփանակերտի տեսակետներն էլ ներկայացրել է»,- նշեց Վ. Սողոմոնյանը:
Վերջինս նկատեց, որ կա ռեալ պոլիտիկ, որի ձևակերպումները ներկայացվին ՄԽ կողմից, նրանք ասացին, որ ձևաչափի փոփոխություն այս փուլում նախատեսված չէ, և որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի պատերազմ չսկսվի: «Կարծում եմ, որ հայկական կողմը ստիպված է լինելու շարունակել բանակցությունները, թեև բազմիցս հայտարարել է, որ հանդիպում են, բայց չեն բանակցում, հանդիպում են, որ որոշեն ֆորմատը:
Այս պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա, նստի բանակցությունների ու ներկայացնի ԼՂ շահերը: Կարծում եմ, որ ամեն ինչ սրանով է ավարտվելու»,- հավելեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: Նա նշեց, որ կար երկու տարբերակ՝ կա՛մ համակերպվել իրավիճակի հետ, կա՛մ հրաժարվել պատասխանատվությունից և տուրք տալ պոպուլիզմին:
Սողոմոնյանն ասաց, որ պատասխանատվությունից հրաժարվելը կլինի քաղաքական ինքնասպանություն, և ըստ ամենայնի, որոշում կա բանակցությունները շարունակել գոյություն ունեցող ֆորմատով, ստանձնել պատասխանատվությունը:










