Պետության կողմից նոր պարտք վերցնելն ինձ համար շատ անհասկանալի է. Մեսրոպ Մանուկյան

11:27 • 28.03.19

Պետության կողմից նոր պարտք վերցնելն ինձ համար շատ անհասկանալի է, քանի որ վարչապետի շուրթերից հնչում է, որ մոտ 90 մլն դոլարի չափով պետբյուջեն ավելցուկ է ունեցել, հետևաբար այս պարագայում լրացուցիչ 250 մլն դոլար վերցնելը մի քիչ անհասկանալի է՝ ինչու ենք մեզ վրա նման բեռ վերցնում:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ Արժույթի միջազգային հիմնադրամն առաջիկայում «Սթենդ-բայ» ծրագրով Հայաստանին $250 մլն կտրամադրի:

Տնտեսագետը մտահոգություն է հայտնում, որ Կառավարությունը չի ներկայացնում՝ թիրախային ինչ խնդիրներ են լուծվելու այդ գումարով, ինչ օգուտ է տալու այն երկրին, նոր պարտքի արդյունավետությունը որն է լինելու, լրացուցիչ ինչ բարիք է այն ստեղծելու. «Առաջին տպավորությունն այն է, որ այդ 250 մլն դոլար վարկը պարզապես սպառողական նպատակների է ծառայելու: Սպառողական նպատակներ ասելով՝ ենթադրում եմ, որ կա´մ արտաքին պարտք պետք է սպասարկվի, կա´մ բյուջեի ծախսերը փակվեն, այսինքն՝ այն որևէ արժեք չի ստեղծելու»:  

Մեսրոպ Մանուկյանը կարծում է՝ Կառավարությունը պարտավոր է ժողովրդին տեղեկացնել ծրագրի էությունը և պարզաբանել՝ սրանով թիրախային ինչ խնդիրներ են լուծվելու. «Եթե այն նպատակային օգտագործվի, ապա, կարծում եմ, որ այդ 250 մլն դոլարը գործազրկության մակարդակի վրա կազդի, այսինքն՝ գործազրկությունը կկրճատվի»:

Պետության կողմից նոր պարտք վերցնելն ինձ համար շատ անհասկանալի է. Մեսրոպ Մանուկյան