Իտալիայի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանության հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով է հանդես եկել, ինչը Թուրքիայի զայրույթն է հարուցել

11:27 • 09.04.19

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանոթյան հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով է հանդես եկել, ինչը Թուրքիայի զայրույթն է հարուցել, գրում է La Repubblica պարբերականը:

Պարբերականը նշում է, որ Պատգամավորների պալատում առաջարկը քվեարկության կդրվի ամենաուշը վաղը: Նպատակը «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելն» է:

Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել երկրում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին՝ պարզաբանումներ տալու և հարցի վերաբերյալ թուրքական կողմի դժգոհությունը լսելու:

Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին խոսվել է դեռ երեկ: Խորհրդարանի հետ հարաբերությունների գծով վարչության ներկայացուցիչ Վինչենցո Սանտանջելոն հույս է հայտնել, որ առաջարկի վերաբերյալ քվեարկությունը «հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը նպաստող քայլ կլինի»:

«Իտալիան կարծում է, որ կոտորածների հարցը պետք է քննարկվի նախապաշարումներից զերծ երկխոսության միջոցով»,- ասել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ իրենց նպատակը ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն է, ինչպես նաև պատմական ճշմարտության հաստատումը:

Պաշտոնյան նաև կոչ է արել Հայաստանին և Թուրքիային «համաձայնության գալ անցյալի վերաբերյալ և բռնել հաշտության ուղին»:

Հիշեցնենք, որ Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը՝ դառնալով երկրի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։