Հնարավոր է` վարկի առկայությունը կապված չլինի մարդու բարեկեցության հետ. փոխնախարարը` նպաստներից զրկելու մեխանիզմների մասին

19:59 • 13.04.19

Ներկայում քննարկում ենք այդ խնդիրները, և համապատասխան որոշումները կկայացվեն, այդ թվում` հաշվի առնելով այն մտահոգությունները, որ հնարավոր է` վարկի առկայությունն այդքան էլ չխոսի մարդու սոցիալական վիճակի և բարեկեցության մասին և նպաստից զրկվելով` նրանք սոցիալապես ավելի վատ վիճակում հայտնվեն: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

«Եթե խնդիրն այդքան խորը չլիներ, այո, այսօր արդեն  համապատասխան որոշումները կայացված կլինեին: Քանի որ լուծումները հետաձգվում են, դա նշանակում է, որ քննարկվում է ավելի արդյունավետ տարբերակի ընտրությունը: Ինչպես նկատեցիք, հնարավոր է, որ վարկի առկայությունն այդքան էլ չխոսի մարդու սոցիալական վիճակի և բարեկեցության մասին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք` 400 հազար, ոմանք էլ`մեկ միլիոն դրամ:

«Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում որպես սոցիալական աջակցություն: Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ: Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր` վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ»,-գրել էր վարչապետը։

Թե կոնկրետ վերլուծություններն ինչ են ցույց տվել, փոխնախարարն ասաց, որ այս պահին ոչինչ չի կարող ներկայացնել։

«Ընդհանուր պատկերն այն է, որ մարդիկ կան, որոնք ստանում են նպաստ և զուգահեռ ունեն վարկային պարտավարություններ, որ կատարում են պարբերաբար։ Այստեղ պետք է հասկանանք` որքա՞ն է այդ պարտավորությունների չափը, ի՞նչ հանգամանքներ, ի՞նչ  պայմաններ կան: Այս բոլոր հանգամանքների հաշվառմամբ է, որ այս պահին մանրամասն քննարկվում են խնդիրները և դրանց լուծման ուղիները»,-ասաց  փոխնախարարը։

Սաիյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետի խորհրդականի ղեկավարությամբ գործում է համապատասխան աշխատանքային խումբ, որն աշխատում է այդ հարցերին լուծումներ տալու և ընդհանրապես նպաստների համակարգի բարեփոխումների ուղղությամբ։

Այն պնդումներին, որ նպաստի համակարգում շատ են կոռուպցիոն սխեմաները, Սաիյանը պատասխանեց, որ եթե կան կոնկրետ դեպքեր, պետք է դիմել իրավապահ մարմիններին կամ նախարարությանը։

«Ասել, որ նպաստի համակարգում չկան խնդիրներ, իհարկե, առնվազն կլինի միամտություն. մենք այդտեղ խնդիրներ ունենք և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ կատարվում են»,-հավաստիացրեց փոխնախարարը։

Հարցին` նպաստառուների թիվն ավելանո՞ւմ է, թե՞ հակառակը, Սաիյանը պատասխանեց, որ վերջին տարիներին այդ թիվը պահպանվում է՝ 95 000- 100 000 ընտանիքի շրջանակներում. որևէ առարկայական տատանում, ըստ էության, տեղի չի ունեցել։  

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե մարդիկ չեն սիրում աշխատել, և իրենց չնչին եկամուտները, օրինակ վերջին կովը ծախում են, որպեսզի գրանցվեն նպաստառուների համակարգում, փոխնախարարն արձագանքեց` անձամբ ինքը նման միտման վաղուց ականատես չի եղել։

«Եղել են նման խնդիրներ, որոնք ժամանակին իրենց լուծումները ստացել են այն առումով, որ օրինակ` նվազագույն քանակ է սահմանվել, օրինակ` որքան կովից ավելին է որպես եկամուտ հաշվառվում, որ մարդ կարողանա և կով պահել, և նպաստ ստանալ»,-ասաց նա։

Հնարավոր է` վարկի առկայությունը կապված չլինի մարդու բարեկեցության հետ. փոխնախարարը` նպաստներից զրկելու մեխանիզմների մասին