Մոսկվան ուզում է ցույց տալ, որ ինքը կա, որ մեծ ներգրավվածություն ունի ոչ միայն ԼՂ բանակցային պրոցեսում, այլև՝ տարածաշրջանում. Գագիկ Համբարյան

21:34 • 13.04.19

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը բավական ակտիվ էր մինչև Կազանի համաձայնությունը, որի ձախողումից հետո պաշտոնական Մոսկվան փորձ կատարեց նվազեցնել իր դերակատարությունը բանակցային պրոցեսում: Այնինչ հիմա ՌԴ-ն կարծես փորձում է վերականգնել իր վաղեմի դիրքերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով Լավրով-Մնացականյան-Մամեդյարով առաջիկայում կայանալիք հանդիպման մասին:

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ապրիլի 15-ին տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:

Գագիկ Համբարյանը նշեց, որ Ռուսաստանն ունի կողմերի վրա ազդելու լծակներ, ինչն օգտագործվում է անդկուլիսյան բանակցություններում:

«Ռուսաստանը առաջ էր տանում Լավրովի պլանը, որի վերաբերյալ դիրքորոշում չարտահայտվեց, թեև կողմերը ընդունեցին, որ այդ պլանը կա: Հիմա փորձ է կատարվում ակտիվացնել ՌԴ դերակատարությունը՝ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Եթե նախկինում ՀՀ նախագահները ռուսամետ քաղաքականություն էին վարում, ապա Նիկոլ Փաշինյանը այդպիսին չէ, որքան էլ ուզում են ցույց տալ հակառակը, Կրեմլում տեսնում են, թե ովքեր են շրջապատում Փաշինյանին»,- նշեց Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա՝ Մոսկվան ուզում է ցույց տալ, որ ինքը կա, որ մեծ ներգրավվածություն ունի ոչ միայն բանակցային պրոցեսում, այլև՝ տարածաշրջանում:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ժողովուրդներին պետք պատրաստել խաղաղության, Գագիկ Համբարյանն ասաց, որ հակամարտության կողմերը, համանախագահ երկրները միանշանակ տարբեր մոտեցումներ ու պատկերացումներ ունեն խաղաղության մասին:

«Երբ պետությունները ստորագրեն համաձայնագրեր, դիվանագիտական, տնտեսական համաձայնություններ, կհաստատվի խաղաղություն, իսկ մնացածը սառը խաղաղություն է: Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել, այդ թեզը առաջ էր տարվում բոլոր նախագահների կառավարման օրոք: Բոլոր երեք նախկին նախագահների օրոք էլ ՄԽ-ն, միջազգային հանրությունը նման կոչերով են հանդես եկել, ժողովուրդներին կոչ են արել պատրաստվել խաղաղ ապրելուն: Այլ հարց է, թե հակամարտող կողմերը ինչպես են պատկերացնում խաղաղությունն ու դրան հասնելու եղանակաները: Բաքուն խաղաղությունը հասկանում է ագրեսիվ հռետորաբանության, զենքերի գնման միջոցով, որովհետև այլ բան, քան այդ գործողությունները, նրանք չեն անում»,- նշեց նա:

Քաղաքագետն ասաց, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, իսկ խաղաղության մասին խոսելիս Հայաստանը պետք է ակնկալի նաև հակամարտող մյուս կողմից էլ համապատասխան մոտեցում, հակառակ դեպքում կարող է դիտվել որպես պարտվողականություն: