ՔՊ-ում ընտրագրավի համակարգը նոր չի ներդրվելու, այն կար նաև նախորդ վարչության ժամանակ, իսկ նոր վարչության կազմում 21 հոգի կլինի. Վահագն Հովակիմյան
Դեռ նախորդ վարչության ժամանակվանից կա այդ ընտրագրավի համակարգը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե կուսակցությունում նոր կարգ է սահմանվել՝ ով ուզում է դառնալ ՔՊ վարչության անդամ, պետք է ընտրագրավ մուծի:
«Իրականությունն այն է, որ մեզ մոտ նախորդ վարչությունից գոյություն ունի այդ, այսպես ասած, ընտրագրավի համակարգը: Քանի որ ընտրությունները ծախսատար պրոցես են, ուստի թեկնածուներն են ֆինանսավորում այդ պրոցեսը, որպեսզի ֆինանսական բեռը կուսակցության վրա չընկնի: Նախորդ վարչության ընտրությունների ժամանակ էլ եղել է այդ համակարգը: Թեկնածուն առաջադրվելով՝ նաև մուտքի գումար է վճարել»,- պարզաբանեց Հովակիմյանը:
Նրա փոխանցմամբ՝ թեկնածուն առաջադրվելուց 50 000 դրամ է վճարում: «Մեզ մոտ թեկնածուների քարոզարշավի փուլ կա: Այդ քարոզարշավից հետո, եթե թեկնածուն պնդում է, որ իր անունը մտնի քվեաթերթիկ, այդ դեպքում ևս 150 հազար վճարում է»,- ասաց Հովակիմյանը և հայտնեց, որ ՔՊ համագումարը հունիսի 15-ին է նախատեսված, բայց հնարավոր է հետաձգվի քարոզարշավի պատճառով, քանի որ թեկնածուները շատ են:
Նա նշեց, որ վարչության անդամի համար առաջադրված թեկնածուները 65-ն են:
Հովակիմյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է անցկացվում վարչության անդամների թեկնածուների քարոզարշավը: «Քարոզարշավն իրականացվում է համաժողովի պատվիրակների շրջանում փակ ռեժիմով: Այսինքն՝ ովքեր հետագայում քվեարկելու իրավունք ունեն, այդ թեկնածուներն իրենց շրջանում քարոզարշավ են իրականացնում»,- պատասխանեց նա:
Նրա խոսքով՝ այս անգամ ՔՊ վարչության կազմը լինելու է 21 հոգի:










