Առաջարկվում է պաշտոնյաների գրաֆիկներն ինտերնետում դնել՝ կից խորհրդատվությամբ, թե ոնց կարելի է նրանց նկատմամբ ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել. վարչապետը՝ ԼՀԿ առաջարկի մասին
Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ի կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական և այդ անձանց անվտանգությանը: «Կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,- ասաց նախարարը:
«Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց, ով է ամենալավը կրակում և ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենք թափանցիկության ճանապարհով գնում են, և եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մեջբերված հատվածը առաջարկության կոմիտեի նիստին կարդացել են, իսկ ԼՀԿ գործընկերներն էլ այս մասով կա՛մ խորքային չէին պատկերացնում խնդրի էությունը, կա՛մ միգուցե հետագայում իրենց առաջարկը կվերաձևակերպեն: «Մեր գործընկերները համաձայնել են, որ այստեղ խնդիր կա»,- ասաց Ավինյանը:
Փաշինյանն էլ նշեց, որ իրենք այս ոլորտում թաքուն բան չեն անում:
«Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված որոշումներ ենք կայացրել, բայց կա մի կետ, որից ավել բացել այդ որոշումները տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության համար, դա բացվում է բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում և Հայաստանից դուրս նույն պես բացվում է»,- ասաց վարչապետը:
Զեյնալյանն էլ հավելեց, որ երկու շահերի հակակշռման պարագայում գործում է պետական անվտանգության շահը , որը ևս սպառողների շահերից է բխում: «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այսպիսի նախագծերի ընդունումից»,- ասաց նախարարը:










