ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից հերքում է պահանջում՝ զրպարտչական բնույթի տեղեկությունների համար

18:10 • 03.05.19

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հերքման պահանջ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտչական բնույթի տեղեկությունները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Քիչ առաջ մեր կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանով մասնավորապես մեկ անգամ ևս հիմնավորվել է խմբակցության կողմից մշակված «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համապատասխանությունն ազգային անվտանգության ապահովման նպատակներին։

Ըստ ադյմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված զրպարտչական բնույթի տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվության բոլոր հնարավոր միջոցներով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը մերժել էր ԼՀԿ-ի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջարկվում է պաշտոնյաների գրաֆիկներն ինտերնետում դնել՝ կից խորհրդատվությամբ, թե ոնց կարելի է նրանց նկատմամբ ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել. Վարչապետը:

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ վարչապետն ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կեղծ լուրեր են տարածում, իրենք ահաբեկչության հետ կապ չունեն: