Գազի սակագնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են. առաջիկայում «Գազպրոմ Արմենիան» կհայտնի իր դիրքորոշումը
Մեր տեղեկություններով գազի սակագնի շուրջ բանակցությունները ավարտական փուլում են, և առաջիկայում «Գազպրոմ Արմենիան» կհայտնի իր դիրքորոշումը հարցի հետ կապված: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։
Հունվարի 8-ից մեկնարկել էին բանակցությունները Կառավարության և «Գազպրոմի» միջև:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ բանակցությունները շարունակվում են, և գազի սակագնի վերաբերյալ պայմանավորվածությունները այս փուլում չեն կարող ամփոփվել:
«Դա բավական բարդ հարց է, և շատ բաղադրիչներ կան, որոնք նշանակություն ունեն գազի գնի վերջնական ձևավորման հետ կապված: Ցանկացած հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվում է, բայց ես չեմ կարող ասել, որ ունենք վերջնական պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածությունները այս փուլում չէին էլ կարող ամփոփվել, որովհետև, գիտեք, որ նախ բանակցությունների մի հատվածը վերաբերում է մարժային, այսինքն՝ տարիֆի ձևավորմանը ՀՀ տարածքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից, և երկրորդը՝ սահմանին գազի գնին, որը այլ բանակցությունների առարկա է: Շարժվում ենք այդ ուղղությամբ, և հույսով լինենք, որ հնարավոր կլինի սակագինը չբարձրացնել»,- ասել էր փոխվարչապետը:










