Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, շատ խիստ կպատժվեն. Դ. Տոնոյանը՝ ԶՈւ-ում խաչի կրման մասին

20:40 • 19.06.19

Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ մեր հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, շատ խիստ կպատժվեն: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանին հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով զորամասերում խաչի կրմանը:

Զինծառայողների խաչ կրման հրամանի հարցը բարձրացրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը:

«Արդյո՞ք կա նախարարի հրաման, որ բոլոր զինվորներն իրենց կրծքին պետք է խաչ կրեն: Մի դեպք մեջբերեմ, երբ սպաներից մեկն ամբողջ զորքի առջև բարձրաձայնում է հետևյալը՝ իրավունք ունեն շարքում կանգնել այն զինվորները, ովքեր խաչ չեն կրում: Գիտենք, որ եզդիները խաչապաշտ չեն, բայց հայոց բանակում անցնում են զինվորական ծառայության: Այս բողոքները մի քանի զորամասերի եզդի զինծառայողներից եմ ստացել, խնդրում եմ պարզաբանել»,- ասաց պատգամավորը:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ խաչերը եղել են Վեհափառի նվիրատվությունը զինված ուժերին, իսկ ՊՆ-ն ընդամենը հայ քրիստոնյա զինծառայողների համար խաչի կրման կարգ է սահմանել՝ ինչ չափով և որտեղ կրելու:

«Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ մեր հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, խնդրում եմ Ձեր տվյալները փոխանցեք, շատ խիստ կպատժվեն: Խտրականություն չի կարող լինել: Համոզված եղեք, որ դա անգրագետ մոտեցում է եղել»,- ասաց պաշտպանության նախարարը: