Թուրքիան, չնայած ԵՄ պատժամիջոցների կիրառմանը, խոստացել է շարունակել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերի մոտ

06:06 • 16.07.19

Թուրքիան կշարունակի Կիպրոսի ափերի մոտ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել` հաշվի չառնելով Եվրամիություն կողմից ընդունված պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը:

«Թուրքիան կշարունակի Կիպրոսի ափերին անցկացվող երկրաբանահետախուզական աշխատանքները, չնայած ԵՄ խորհրդի կողմից` Թուրքիայի հետ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելուց հրաժարվելուն: Մենք լի ենք վճռականությամբ և կշարունակենք պաշտպանել մեր իրավունքները»,- գրված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն որոշում է կայացրել Թուրքիայի հետ ժամանակավորապես դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից:

Բացի այդ, ԵՄ Խորհուրդն ընդունել է 2020 թվականի համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության կրճատման նախաձեռնությունը, ինչպես նաև կոչ է արել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը:

ԵՄ-ն ընդգծել է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի անօրինական գործողությունների վատ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և Անկարային կոչ է արել դադարեցնել հետագա գործողությունները` հարգելով Կիրպոսի ինքնիշխանությունն ու օրենքները:

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ ուղարկել է «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Ապա ժամանել է Թուրքիայի երկրորդ՝ «Յավուզ» նավը, ինչը Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում։