«17 տարի միանձնյա իշխանություն հանդիսացող ԱԶԿ-ն երկիրը վատ է կառավարել». Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

13:05 • 17.09.19

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիրներից մեկը հանդիսացող, սակայն այժմ Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները sozcu.com-ի հետ զրույցում քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ 17 տարի միանձնյա իշխանություն հանդիսացող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկիրը վատ է կառավարել:

«Ակնհայտ է այն վիճակը, որում հայտնվել է տնտեսությունը (դոլարի նկատմամբ թուրքական լիրայի գրեթե կրկնակի արժեզրկումը 1 տարվա ընթացքում հանգեցրել է տնտեսական ճգնաժամային իրավիճակի -Tert.am): Արտաքին քաղաքականությունում պատմական սխալներ են կատարվել: Երկրի ներսում էլ չեն կարողացել ապահովել խաղաղություն և հանգստություն: Իրավական համակարգը խարխլվել է»,- ասել է նա:

Ընդդիմադիր գործիչը նշել է նաև, որ իշխող կուսակցության շարքերը լքող հայտնի քաղաքական գործիչների, ինչպես, օրինակ, նախկին արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուի և Ալի Բաբաջանի դուրս գալն այդ կուսակցությունից քաղաքական դաշտում նոր քննադատական մշակույթ է ձևավորելու:

Պատգամավորը մեկնաբանել է իր նախկին գաղափարական ընկերների արկածները՝ հայտարարելով. «ԱԶԿ-ում համակարգն արդեն եկել է մի վիճակի, որ չի կարող լուծումեր արտադրել: Սա զգացող կուսակցության անդամները սկսել են այդ իրավիճակի դեմ առարկել և հանդես են եկել նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր իշխող կուսակցությունից դուրս գալու իր որոշման մասին և հայտարարել. «Ցուցանակներն անցողիկ են, մնայուն են մեր կյանքը և պայքարը իմաստալից դարձնող արժեքները: Եվ կուսակցություններն իմաստ են կրում այնքան ժամանակ քանի դեռ ծառայում են այս արժեքներին: Մենք շարունակելու ենք մնալ այս արժեքների պաշտպանը և խոսնակը»: