Վայոց Ձորի մարզում ՊՆ փոխգնդապետի ծեծի վերաբերյալ քրգործի շրջանակներում ձերբակալվել է նախկին մարզպետի օգնականի եղբայրը

16:34 • 02.10.19

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Ձերբակալվել է խմբի կազմում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով»,-ասաց Նաիրա Հարությունյանը:

 Նախկին մարզպետի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է դեպքից որոշ ժամանակ հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների: Դեպքին մասնակցություն է ունեցել նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

Վայոց Ձորի մարզում ՊՆ փոխգնդապետի ծեծի վերաբերյալ քրգործի շրջանակներում ձերբակալվել է նախկին մարզպետի օգնականի եղբայրը