Ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը. «Իմ քայլի» մի շարք պատգամավորների կարծիքները՝ Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

13:30 • 03.10.19

Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից հարցազրույցներից մեկում ԱԺ նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված արտահայտությանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է «անհեթեթ» հայտարարություններ տարածելով և որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ «իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:

«Այն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, անձնական դաշտին, ուղղակի չպետք է տեղ ունենա մեր քաղաքական խոսքում»,-ասաց Մակունցը` հավելելով, որ ուրախ կլիներ, որ արձագանքը, որ եղավ բոլոր կողմերից, լիներ անխտիր բոլոր դեպքերում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ թեմայի շուրջ անձնական զրույց ունեցել է Անդրանիկ Քոչարյանի հետ, խմբակցությունում քննարկում չի եղել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ, խոսելով Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, ասաց. «Նույն ձեր լրագրող ընկերներին ամեն տեսակ վիրավորանքներ են հասցնում, խոչընդոտում են ձեր մասնագիտական աշխատանքը, ես չեմ տեսնում այսպիսի աղմուկ»:

Հարցին` եթե ինքը որոշ ժամանակ անց պաշտոն չունենա, իր անձնական դաշտ մտնելը նորմալ կլինի՞, Քրիստինե Պողոսյանը պատասխանեց.

«Ես ոչ մի մարդու անձնական դաշտ չեմ մտնում: Ես նույնիսկ չեմ մտնում Ռոբերտ Քոչարյանի անձնական դաշտ, որովհետև դա ինձ համար անթույլատրելի է: Ինձ համար գոյություն ունի իրավական պրոցես, և պետք է այդպես լինի»,-ասաց նա:

Լրագրողների հարցին` պե ՞տք է Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արփինե Հովհաննիսյանից, նա պատասխանեց՝ Քոչարյանը հասուն տղամարդ է, և ինքը կորոշի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի խոսքը ներկայացվել է կոնտեքստից դուրս:

«Ամբողջ իմաստը ես այնպես եմ ընկալել, որ այնտեղ վիրավորական որևէ արտահայտություն չկա: Ինչ վիրավորական բան կա, որ ասեմ` Ձեր մորը ճանաչում եմ, բայց հորը չեմ ճանաչում: Ճիշտն ասած` ես էլ չեմ ճանաչում Արփինե Հովհաննիսյանի հորը»,-ասաց պատգամավորը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով երեկ մեծ աղմուկ բարձրացրած իր հարցազրույցին, որտեղ վերջինս, շատերի կարծիքով, վիրավորել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին,  ասաց, որ ինքը միայն հակադարձել է Հովհաննիսյանին, որը, լրատվականներից մեկին տված իր հարցազրույցի ժամանակ հոլովել է իր անունը և սխալ գնահատականներ է տվել:

«Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ միայն պայմանականորեն, որպես օրինակ է հոլովել իմ անունը, բայց վերջինս կարող էր այլ անուն հոլովել, եթե խոսքը  նախկինում հայտարարագրած ունեցվածքի մասին էր: Իսկ ես էլ, պարզապես, հակադարձել եմ Արփինե Հովհաննիսյանին: Նա բարոյական ոչ մի իրավունք չունի ինձ որպես օրինակ բերելու»,-ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ իր ունեցվածքի հայտարարագրերը դրված են կայքերում, և բոլորն էլ կարող են նայել. «Արփինե Հովհաննիսյանն իր պաշտոնավարման տարիներին էլ կարող էր ամեն ինչին ծանոթ լինել: Փոխարենը նա տվել է սխալ գնահատականներ, նաև՝ իմ անձը վիրավորող: Ես, ինչքան հասկացա, բացի Արփինե Հովհաննիսյանից բոլորը վիրավորվել են, և վիրավորված ռեսուրսի մեջ տեսնում եմ միայն ֆեյքերի»։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ, եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Արփինե Հովհաննիսյանը պետք է հիշի, որ կոռուպցիայի հանձնաժողովը ստեղծվել է իր ղեկավարած նախարարությունում: «Տիկին նախկին նախարարը թող չմոռանա, որ ինքն էլ, որպես ՀՀԿ 3-րդ համար, կրում է  պատասխանատվություն «Մարտի 1»-ի կոծկումների համար, որն այսօր լիարժեք պետք է բացահայտվի»,-ասաց Քոչարյանը և հավելեց․ «Արփինե Հովհաննիսյանը նախ ինքը պետք է հայտարարագրի իր մեքենաները և տունը»։