«Բարի, բայց վատ տեղեկացված աղջիկ». Գրետա Տունբերգը ՄԱԿ-ում իր ելույթի վերաբերյալ Պուտինի արձագանքից հետո փոխել է իր թվիթերյան էջի նկարագիրը

09:54 • 04.10.19

Տասնվեցամյա շվեդ աշակերտուհի և ակտիվիստուհի Գրետա Տունբերգը ՄԱԿ-ում իր ելույթի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունից հետո Twitter-ում փոխել է իր էջի նկարագրության հատվածը՝ ավելացնելով. «Բարի, բայց վատ տեղեկացված աղջիկ»:

Ավելի վաղ, ՄԱԿ-ում իր ելույթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքից հետո, ակտիվիստուհին իր թվիթերյան էջի նկարագրության մեջ գրել էր. «Շատ ուրախ աղջիկ, որն անհամբերությամբ սպասում է պայծառ ու գեղեցիկ ապագային»:

Դեռահասի ելույթն արդեն շաբաթներ շարունակ մնում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ համաշխարհային առաջնորդների ուշադրության կենտրոնում: Գրետայի ելույթին օրեր առաջ անդրադարձել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսական էներգետիկ շաբաթվա նիստում ՌԴ ղեկավարը հայտնել էր, որ նա «չի կիսում համընդհանուր հիացմունքը» Տունբերգի ելույթի առնչությամբ:

«Ոչ ոք Գրետային չի բացատրել, որ ժամանակակից աշխարհը բարդ է և բազմազան, և Աֆրիկայում կամ բազմաթիվ ասիական երկրներում բնակվող մարդիկ ցանկանում են ապրել նույնպիսի պայմաններում, ինչպես Շվեդիայում»,- ընդգծել էր ՌԴ նախագահը:

Նշենք նաև, որ Գրետա Տունբերգը հավակնում է Խաղաղության նոբելյան մրցանակի՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում կլիմայական ճգնաժամի վերաբերյալ տարբեր երկրների ղեկավարների առջև ունեցած հուզական ելույթից հետո: