Ոչ մի բան չեմ կարող ասել, այս պահին ՊՆ-ում եմ, անհեթեթություն է․ Դավիթ Տոնոյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ նախարարի հրաժարականի լուրերի մասին

13:45 • 09.10.19

Ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատավայրում եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ ինքն ազատվել է պաշտոնից:

Նախարարը նախ ճշտեց, թե որտեղից կա նման տեղեկություն, պատասխանին, թե մամուլն այդ մասին տևական ժամանակ է՝ գրում է, ու հրապարակում է արված, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատում եմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»:

Ավելի ուշ տարածված տեղեկություններին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անհեթեթություն է»,-«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին լուրերը: