Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղը նոր հաճախորդներին առաջարկում է արտոնյալ պայմաններ

19:58 • 15.10.19

Տեղի ունեցավ Ամերիաբանկի «էջմիածին» մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությունը: Մարզային ցանցում Բանկի ութերորդ մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-ից մինչև 17-ը:

«Էջմիածին» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ հաշիվ բացելով Ամերիաբանկի «էջմիածին» մասնաճյուղում մինչև 2020թ. հունվարի 31-ը ներառյալ:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ որպես նորարարական լուծումներ առաջարկող բանկ և միտված զարգացնել թվայնացման ուղին՝ Ամերիաբանկը կարևորում է  մարզային իր ներկայացվածությունը:

 «Նորաբաց «էջմիածին» մասնաճյուղում ներկայացված է բանկի ծառայությունների ամբողջ սպեկտրը` բիզնես վարկերից մինչև ֆիզիկական անձանց վարկավորում, գործառնական ծառայություններից մինչև ավանդային ծառայություններ: Տարվա սկզբից Ամերիաբանկն ամեն ամիս ներկայացրել է նոր պրոդուկտ, օրինակ՝ մենք առաջինը ներդրեցինք ֆիզիկական անձանց թվային վարկերը, ինչից հետո նաև բիզնես թվային վարկերը: Նորարարական լուծումներ գտնելով՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»,-ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը

 «էջմիածին» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ:  Նորաբաց ընդարձակ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած մասնաճյուղի պրոֆեսիոնալ աշխատակազմը կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը:

Բացման արարողությանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետը,  Էջմիածնի քաղաքապետը, ՀԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը, Ամերիաբանկի հաճախորդները, գործընկերները և աշխատակիցները:

 «Ամերիաբանկի շատ հաճախորդներ հենց Էջմիածին քաղաքից են և այլևս ստիպված չեն լինի գնալ Երևան գործարք իրականացնելու համար: Ամերիաբանկը հայտնի է իր բարեկիրթ սպասարկմամբ, նորարարություններով, որոնք առկա էին նաև այս մասնաճյուղում: Ցանկացած նոր շունչ, սպասարկման ոլորտում նոր որակի ներդրում բարձրացնում է նաև մրցունակությունը: Բանկը, բնականաբար, Հայաստանում ոլորտի ամենակայացածներից է: Էջմիածինն առաջին քաղաքն է մարզում, որտեղ բանկը բացեց իր մասնաճյուղը, և շատ ուրախ ենք, որ ունենք այսքան հարմարավետ պայմաններով ապահովված մասնաճյուղ: Բանկի կառավարչի հետ ձեռք ենք բերել նաև համաձայնություն համատեղ իրականացնելու համայնքային կյանքը բարելավվող ծրագրեր»,- ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները

«Սա նոր հնարավորություն է մեր քաղաքացիներին ավելի բարձր որակով սպասարկելու, նաև հնարավորություն՝  ներկայացնել համաֆինանսավորման և սուբսիդավորման վարկերը և ստեղծել  նոր աշխատատեղեր, ինչը շատ ողջունելի է: Արդեն հաստատվել է համագործակցային շղթա քաղաքապետարանի, մարզպետարանի և բանկի միջև հետագա ծրագրերի իրականացման համար»,-  ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Ամերիաբանկի նորաբաց «Էջմիածին» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Արմավիրի մարզ, ք. էջմիածին, Մաշտոցի 69/51 հասցեում:





 Լրագրող՝ Լուսինե Զարայելյան