Գիտնականները մեկնաբանել են Ալյասկայի ստորջրյա հրաբխից լսվող ձայների և ջրի մակերեսին առաջացող պղպջակների առեղծվածը
Ալյասկայի Ալեուտյան կղզիների ափերի մոտ գտնվող ստորջրյա հրաբխի, որը հայտնի է Բոգոսլով անունով, ժայթքման պահին ջրի մակերեսին սև գազային գմբեթաձև պղպջականեր են առաջանում, և բարձր ձայն է լսվում:
Ինֆրաձայնային սարքավորումների կիրառումը գիտնականներին թույլ է տվել պարզել այդ առեղծվածային երևույթի բնույթը: Գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ներկայացնում է РИА Новости-ն:
Ներկա պահին այն գտնվում է ծովի մակարդակից 100 ցածր տարածությամբ, իսկ հրաբխային գազերը պղպջակներ են առաջացնում ծովի մակերեսին: Վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2017-ի փետրվարի 17-ին և պայթյունի բնույթ է կրել, իսկ առավել փոքրածավալ ժայթքումները տեղի են ունենում ամիսը մի քանի անգամ:
Մոտակայքով անցնող նավերը բազմիցս տեղեկացրել են, որ ժայթքման հետևանքով ջրի մակերեսին հսկայական գազային պղպջակներ են ձևավորվում, որոնք վերածվում են հսկայական գմբեթի: Պղպջակների մեծությունը հասնում է 300 մետրի:
Ալյասկայի համալսարանի և ԱՄՆ երկրաբանական ծառայության մասնագետները ինֆրաձայնային միկրոֆոններ են տեղադրել հրաբխից 59 կմ հեռավորությամբ: Ուսումնասիրությունների 9 ամսվա ընթացքում հրաբուխը ժայթքել է ավելի քան 70 անգամ, և ամեն անգամ միկրոֆոնները ձայներ էին ֆիքսում ժայթքումից առաջ:
Գիտնականներին հաջողվել է համակարգչային մոդելավորման միջոցով պարզել, որ պայթյունի տիպի ժայթքման պահին գազերով հարուստ հրաբխային լավայի կտրուկ արտանետում է տեղի ունենում, ինչի արդյունքում էլ ջրի մակերեսին խոշոր պղպջակներ են առաջանում: Հավանաբար, սա ընդհանուր երևույթ է բոլոր ստորջրյա հրաբուխների համար:










