Մնացականյանը պարտավոր է վերադիտել իր հարցազրույցը և հրաժարական տալ, այսպիսի ԱԳ նախարարի շռայլություն թույլ տալու իրավունք չունի Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)

17:56 • 26.10.19

Մնացականյանը պարտավոր է վերադիտել իր հարցազրույցը և հրաժարական տալ, այսպիսի ԱԳ նախարարի շռայլություն թույլ տալու իրավունք ուղղակի չունի Հայաստանը: Նման տեսակետ հայտնել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը տեսանյութում, որտեղ վերլուծել է ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC World HARDtalk-ին տված հարցազրույցը:

Իր վերլուծության մեջ Մարտիրոսյանը նախ նշել է, որ BBC World HARDtalk-ին բացարձակապես գնում են կամ նրանք, ովքեր պատկերացում չունեն, թե ուր են գնում, կամ  նրանք, ովքեր հստակ մեսիջ ունեն և վստահ են սեփական ուժերի վրա: «Կոնկրետ այս պարագայում մենք գործ ունենք ներկայիս կառավարության դավանած տիպիկ մոտեցման հետ՝ մեծամիտ և ինքնավստահ, դատարկ ու ոչ մի բազային հիմք չունեցող վարքագծի, որն էլ արդեն, ի դեմս այս հարցազրույցի, Հայաստանի համար անչափ վնասակար հետևանքներ է ունենում»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ HARDtalk-ում ընդհանրապես քո վրա հարձակվում են և դու ու քո երկիրն անվնաս դուրս եք գալիս միայն երեք պայման ապահովելու դեպքում՝ երբ համոզիչ ես, երբ տեղին ես պատասխանում և երբ խոսքդ ազդեցիկ է հնչում. դրա համար է հաղորդումը կոչվում ծանր զրույց:

Նա նշեց, որ այս աղմկահարույց հարցազրույցը պետք է դիտել բնօրինակով՝ հայկական թարգմանությունը հայկական կառավարության մասնակցությամբ արված և ամբողջությամբ չէ, որ արտահայտում է զրույցի վավերական ոգին, այն ինչ մեզ համար խայտառակություն էր եթերում:

«Բոլոր սուր և իրեն նեղը գցող հարցերին, որոնք վերաբերում էին կառավարության անգործությանը և անկարողությանը՝ իրական հեղափոխություն անելու, Մնացականյանն իրեն հատուկ երկու ոչինչ չասող, հնչեղ, բայց անգլալեզու լսարանի համար իրենց դատարկությամբ խիստ զավեշտալի արտահայտություններ էր անում՝ ինստիտուցիոնալ կոնսոլիդացիա և կարողականություն. կոնտեքստն անհասականալի է, խոսքերի իմաստն անհասկանալի են: Հետո սկսվում է ամենասարսափելի մասը. պնդումներին, որ Արցախը Հայաստան չէ, Մնացականյանը որևէ կերպ չի հակադարձում, օրինակ, ենթադրենք, ասելով՝ Արցախը պատմականորեն կամ իրավականորեն Հայաստանի մաս է, նա ուղղակի լռում է, անտեսում այդ խնդիրը և սկսում խոսել այն մասին, որ Արցախի խնդիրը Հայաստանի համար 150 հազար քաղաքացիների անվտանգության խնդիր է,  և որ խաղաղությունն  ու կարգավիճակն է կարևոր»,- նշեց նա:

Ըստ Մարիտիրոսյանի՝ այնուհետև Մնացականյանը, ընդունելով անկյուն քշվածի և արդարացողի դիրք, մեջբերում է Փաշինյանի «վտանգավորագույն ապապետական խոսքը», որ Արցախի խնդրի լուծումը պետք է ձեռնտու լինի նաև ադրբեջանցիներին:

Մարտիրոսյանն ընդգծեց նաև, որ սա ամենախայտառակ հարցազրույցն է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա երբևէ տվել է որևէ կարևոր միջազգային լրատվամիջոցի:

«Եզրահանգումն այս հարցազրույցից մեկն է. ԱԳ նախարարը, որը վարժ անգլերեն է խոսում, բայց խոսել չգիտի, ԱԳ նախարարը, որը Հայաստանի շահերն ու պատիվը պաշտպանել չգիտի, որն արտացոլում է խայտառակ արտաքին քաղաքականություն, որն անում է սեփական երկրի իրական շահերին հակառակ հայտարարություններ, որը, փոխանակ խոսքային և մտային հակահարձակման, անմիջապես քշվում է անկյուն և սկսում հուսահատ ու թույլ պաշտպանվել, ուղղակի իրավունք չունի ԱԳ նախարար լինելու»,- նշեց նա:

Նրա կարծիքով՝ բացառված չէ,որ Փաշինյանն այս հարցազրույցն ու ակնկալվող բողոքի ալիքն ուղղի Մնացականյանին հեռացնելու համար. «Լուրեր կան, որ դա նա վաղուց է պլանավորել, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ կարող է փոխարինել նրան, հուսանք, ոչ իր խոսնակը և ոչ էլ մեկ այլ մեկը, որ կարող է Մնացականյանից առավել այդ պաշտոնին անհամապատասխան լինել, սակայն եթե վարչապետը չպահանջի Մնացականյանի հրաժարականը, դա նշանակում է, որ նա լիովին սատարում է նրա դիրքորոշումը: Մնացականյանը պարտավոր է վերադիտել իր հարցազրույցը և հրաժարական տալ, այսպիսի ԱԳ նախարարի շռայլություն թույլ տալու իրավունք ուղղակի չունի Հայաստանը: Մնացականյանը պարտավոր է հրաժարական տալ»,- եզրափակեց նա: