Հայկ Մարությանի ստորագրությամբ Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 0.6 հա տարածքով ինքնակամ կառույցն օրինականացվել է. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

16:58 • 29.11.19

Քաղաքապետարանը «ռեկետի» միջոցով գործարարներին առաջարկել է ծառայություն մատուցելու գործարք. տրամադրեք մեզ այդ աղբատար ավտոմեքենաները և դրա դիմաց մենք ձեզ կտանք այս շինթույլտվությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս խմբակցության»  ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով փաստին, որ տարբեր կազմակերպություններ քաղաքապետարանի որպես նվիրատվություն աղբատար ավտոմեքենաներ են տրամադրել։

Դավիթ Խաժակյանը նշեց, որ «ԿամԱզ»-ների նվիրատվությունը ողջունելի կլիներ, եթե քաղաքապետարանն ի սկզբանե դա գաղտնի չպահեր, սակայն քանի որ գաղտնի է պահել, հարց է առաջացնում՝ արդյո՞ք դա նվեր էր, թե գործարք ինչ-որ բանի դիմաց:

Դավիթ Խաժակյանը ներկայացրեց, որ քաղաքապետի որոշմամբ քաղաքացի Շողերինա Մկրտչյանին 5842 մետր քառակուսի (մոտ 0.6 հա) ինքնակամ կառույց օրինականացնելու թույլտվության է տրվել, իսկ Շողերինա Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կինն է: Խաժակյանի խոսքով՝ որոշման մեջ նշված է Օհանով փողոց 15/1 հասցեն, որտեղ թույլ է տրվել ինքնակամ կառուցապատումը, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գրանցման հասցեն է:

«5842 մետր քառակուսի ինքնակամ կառույցը օրինականացվել է, այն երեք աղբատար «ԿամԱզ»-ների դիմաց, ինչը քաղաքապետարանին տվել է «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը»,- ասաց նա և հավելեց, որ եթե նայենք ժամանակահատվածին, կտեսնենք, որ կառույցի օրինականացման դիմումն ու «ԿամԱզ»-ների ստացման ժամանակահատվածները համընկնում են:

Դավիթ Խաժակյանը նաև նկատեց, որ այդ որոշումը հաստատվել է քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությամբ նոյեմբերի 4-ին, սակայն նշեց, որ այդ ժամանակ քաղաքապետը քաղաքում չի գտնվել, և ըստ նրա՝ ամեն դեպքում որոշումը կայացվել է նրա գիտությամբ:

Երևանի ավագանու անդամը նշեց, որ քաղաքապետ Մարությանը խախտել է բարերարության բոլոր նորմերը, ամիսներ շարունակ դա թաքցրել է հասարակությունից։ «Երբ իրեն ուղիղ հարց են տվել՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը ինչ- որ գույք է տվել քաղաքապետարանին, նա հերքել է՝ ասելով, որ դա սուտ տեղեկություն է»,- ասաց նա և հավելեց, որ  քաղաքապետարանը ոչ թե նվերներ է ստանում, այլ իրականացնում է գործարք և դրա դիմաց կատարում իր պաշտոնական լիազորությունները։

Խաժակյանը խնդիր է տեսնում քաղաքապետարանի գործելաոճի մեջ։ Ըստ նրա՝ քաղաքապետարանը անհավասար հնարավորությունների մեջ է դնում տնտեսավարողներին, քանի որ, շատերը իրենց փոքր տնակները նորոգելու կամ օրինականացնելու համար մերժում են ստացել:

«Սա բացահայտ կոռուպցիա է, սեփական լիազորությունները կատարելու դիմաց ինչ-որ բան պահանջել, բարեվարքության նորմերի խախտում է, թաքցնել է եւ հասարակությանը ստել»,- ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նաև նշեց, որ իրավապահները պետք է զբաղվեն սրանով և պարզել, թե արդյոք եղել են դեպքեր, երբ քաղաքապետարանի խորհրդով այս կազմակերպությունները կոնկրետ «դիլերներից» ավտոմենքենա են գնել, ինչ արժեքով են ձեռք բերել դրանք և հնարավոր է արդյոք, որ ձեռք բերված գնի և փաստացի գնի միջև կան տարբերություններ։


Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հայկ Մարությանի ստորագրությամբ Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 0.6 հա տարածքով ինքնակամ կառույցն օրինականացվել է. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)