ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ ոստիկանության կիրառած միջոցները ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պահանջում է մանրամասն քննություն անցկացնել

14:43 • 26.12.19

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի՝ դեկտեմբերի 24-ին համալսարանից ձեռնաշղթաներով ոստիկանություն տանելու վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարությամբ հանդես գալու հարցը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, թե միջադեպն իր համար անընդունելի է, և աբսուրդային իրավիճակ է, որ գործողություններն իրավունքի սահմաններում չեն արել: Մուրադյանը ներկայացրեց հայտարարության նախնական տեքստը:

«ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում ս/թ դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության՝ ԵՊՀ տարածքում արձանագրված գործելաոճը: Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցները ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին: Կոչ ենք անում հետագայում բացառել պատշաճ չհիմնավորված գործողությունները և ակնկալում ենք ոստիկանության կողմից նշված դեպքի մանրամասն քննություն և համարժեք գնահատական»:

Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն առաջարկեց «ակնկալել» բառը փոխարինել «պահանջել» բառով և հստակ նշել նաև վերջնաժամկետ՝ Ոստիկանությանը պատասխանի համար տալով 1 ամիս ժամկետ: Խորհրդի նախագահը կատարեց բառի փոփոխությունը, բայց նշեց, թե վերջնաժամկետ հնարավոր չէ սահմանել, քանի որ իրավական գործընթաց է, և հայտնի չէ՝ որքան կտևի քննությունը, փոխարենն ավելացրեց «սեղմ ժամկետներում» միտքը:

Հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ հայտարարությունն ընդունվեց:

Հիշեցնենք՝ Ափոյանին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին էին տեղափոխել ԵՊՀ-ում իր աշխատասենյակից՝ ձեռնաշղթաներով: Նա բերման էր ենթարկվել կասկածյալի կարգավիճակով, ապա հարցաքննվել էր որպես վկա՝ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի տարածքում կրակոցներով ուղեկցված միջադեպի առնչությամբ:

Նշենք նաև, որ Tert.am-ի հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ նախագահը հայտարարել է, թե ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի և պահակակետի աշխատակիցների միջնորդությամբ են փորձել կապ ստեղծել համալսարանում տեղի ունեցած միջադեպի գործի և իր միջև: