Հայաստանում գյուղատնտեսական ոլորտը 2019-ին շարունակեց անկում ապրել. ոլորտը մասնագիտական կրթություն չունեցող անձանց ձեռքում է. Հրաչ Բերբերյան

10:29 • 05.01.20

Հայաստանում գյուղատնտեսական ոլորտը 2019 թվականին շարունակեց անկում ապրել: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ անկման պատճառն առաջին հերթին գյուղատնտեսության նախարարության օպտիմալացումն էր: Փորձագետի հավաստմամբ՝ զարգացած երկրներում գյուղատնտեսական ոլորտը կառավարության առաջնահերթություններից մեկն է, մինչդեռ Հայաստանում ոլորտին պատշաճ ուշադրություն չեն դարձնում:

«Ոլորտում որակյալ կառավարում չկա. մասնագիտական կրթություն չունեցող, և, ընդհանրապես, գյուղատնտեսությունից հեռու մարդկանց կառավարման հետևանքով է, որ Հայաստանում գյուղատնտեսությունն օրեցօր անկում է ապրում: Ինչքան չպետք է սիրեն եկիրը, որ փակեն Գյուղնախարարությունը»,-ասաց Բերբերյանը՝ ընդգծելով, թե նախարարությունը փակելու հետևանքով ոլորտն ինքնահոսի է, իսկ այն ծրագրերը, որոնք, կարծես թե, ուղղված են գյուղատնտեսական ոլորտն ակտիվացնելուն, արդյունք չեն տալիս:

«Սուբսիդիոն ծրագրերն են իրականացնում, բայց ծրագրերն այնպես են կազմվում, որ միշտ շահում են բանկերը, ոչ թե գյուղատնտեսները: Սմարթ գոմերի ծրագիրը  փորձեցին Հայաստանում ներդնել՝ հաշվի չառնելով մեր երկրի բնակլիմայական պայմանները: Արդյունքում՝ ծրագիրը ձախողվեց: Նմանատիպ նախագծերով գյուղոլորտն ապագա չունի»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

Նա խնդրահարույց համարեց նաև այն, որ մինչ ծրագրեր կազմելը՝ չեն վերացվում առկա խնդիրները. չկան որակյալ հակակարկտային և ոռոգման համակարգեր, անասնաբուժական համակարգ, որպեսզի հիվանդությունները չտարածվեն:

Անդրադառնալով անասնապահական ոլորտին՝ նա նշեց, թե խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկումն այս տարի ևս շարունակական բնույթ կկրի:

«Մսամթերքի առաջարկն ավելի շատ է, քան՝ պահանջարկը: Մի կողմից գնողունակություն չկա, մյուս կողմից էլ գյուղատնտեսը չունի անասնակեր, որ կարողանա գլխաքանակը պահպանել: Հետևաբար՝ գարնանը կարելի է սպասել մսամթերքի գնաճ, կաթնամթերքի արտադրության անկում»,-պարզաբանեց Բերբերյանը:

Նա ընդգծեց՝ գյուղատնտեսությունն այսօր ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը, բայց այս տեպմերով շարունակելու դեպքում դա կլինի առավելագույնը 15 տոկոս. «Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը Հայաստանի ՀՆԱ-ի 45 տոկոսն է կազմել»,- նշեց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահը: