Ինչպե՞ս որոշենք, թե որն է ազգային անվտանգության խնդիր ստեղծում, դա մեծ քաղաքական խնդիր է. Դադասյանը` միջազգային լրատվամիջոցների հեռարձակումը սահմանափակելու ՀՌՀ ցանկության մասին

15:14 • 31.01.20

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախկին փոխնախագահ Ժիրայր Դադասյանի խոսքով` միջազգային լրատվամիջոցների  հեռարձակման սահմանափակման մասին հայտարարությունը մեծ քաղաքական խնդիր է:

Նա նման դիտարկում արեց` անդրադառնալով և՛ ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանի հայտարարությանը, որ միջազգային լրատվամիջոցները ազգային անվտանգային խնդիրներ են առաջացնում, և դրան ի պատասխան՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան անհանգստությանը, որ խոսքը վերաբերում է նաև ռուսական հեռուստաալիքներին:

«Մեծ հաշվով դա քաղաքական խնդիր է: Եթե քաղաքական ղեկավարությունը որոշում է, որ ինքն այդ երկրի գործընկերն է, նրա հեռուստաընկերությունները հեռարձակվում են: Եթե մի քիչ է գործընկեր, կամ գործընկեր չէ, կարելի է դիտարկել, որ միայն պետք է CNN-ը հեռարձակվի»,-ասաց նա:

Նրա խոսքով` այդ քաղաքական լուրջ խնդիրը պետք է երկրի քաղաքական ղեկավարությունը լուծի, որոշի, թե ինչ վեկտոր է վերցնում: «Այս հարցում կարող էր ընդհանրապես խնդիր չլինել: Բայց եթե խնդիրներ ստեղծելու ցանկություն կա, դրանք միշտ ստեղծվում են»,- ասաց Դադասյանը:

Ըստ Tert.am-ի զրուցակցի՝ բնական է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արձագանքը. «Այդ երկիրն իր շահերն է պաշտպանում: Եթե մենք էլ նրանց փոխարեն լինեինք, կարծում եմ, նույն կերպ կարձագանքեինք»:

Նա նշեց, որ իր` ՀՌԱՀ-ի փոխնախագահ լինելու ժամանակ, երկրի քաղաքական վեկտորը շատ հստակ էր. Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները եղել են խիստ գործընկերային: «Ենթադրում եմ, որ նույն սկզբունքը պահպանվել է բոլոր օղակներում՝ առանց խախտումների: Եթե հիմա ներսում ինչ-որ բան է փոխվել, ես տեղյակ չեմ»,- նշեց նա:

ՀՌԱՀ նախկին փոխնախագահի խոսքով` այստեղ խնդիրը մինչև վերջ ազնիվ մնալու մասին է. «Եթե մենք որոշել ենք փոխել մեր վեկտորը՝ այն ամերիկյան դարձնել, պետք է լինենք ամերիկյան վեկտորով: Բայց եթե մի քիչ նրանից է, մի քիչ նրանից, ապա անհասկանալի ենք դառնում գործընկերներիս համար: Դա է պատճառը, որ Ռուսաստանի դեսպանատան կողմից առաջացել է նման ռեակցիա,- ասաց նա` նշելով, որ լավ կլիներ, որ մեր քաղաքական իշխանությունն իր քայլերով հստակ ու հասկանալի լինի,- եթե խաղը գնար հասկանալի հունով, եթե հստակեցված լիներ հարաբերությունների շրջանակը, ապա նման խնդիր չէր լինի»:

Նախկինում, Ժիրայր Դադասյանի խոսքով, մենք, հասկանալով, թե ինչ ռազմաքաղաքական դաշինքում ենք գտնվում, ավելի հստակ քաղաքականություն էինք վարում: «Այդ գիծը պահվում էր, և այդ մասին ազնվորեն խոստովանվում: Դա չէր խանգարում մեզ նաև եվրաինտեգրման գործընթացներում»,- ասաց նա:

Տեսականորեն, ըստ Ժիրայր Դադասյանի, իհարկե լրատվամիջոցները կարող են ազգային անվտանգային խնդիր առաջացնել: «Դա կարող է լինել: Բայց կրկնեմ, խնդիրն այստեղ հասկանալի լինելու և ընդունված կանոնները պահելու մեջ է: Պետք է հասկանանք, թե ինչ ենք անում: Չի կարող լինել, որ այս մեկը վտանգավոր է, իսկ մյուսը, օրինակ՝ «Ազատություն» ռ/կ-ը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից, անվտանգ է:  Ինչպե՞ս պետք է մենք դա որոշենք, ի՞նչ չափանիշով պետք է հասկանաք, թե որն է ազգային անվտանգության խնդիր առաջացնում, որը` ոչ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն արձագանքել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կողմից «Համառորեն առաջ քաշվող այն դիրքորոշմանը, ըստ որի՝  հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա` այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը»:

«Տ. Ռ. Հակոբյանի մեկնաբանությունից զարմանքով տեղեկացանք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համակարծիք է նման մոտեցման հետ:

Կցանկանայինք հիշեցնել, որ դեսպանի և Հակոբյանի միակ և բավականին շուտ կայացած զրույցի ընթացքում առանց օտարերկրյա հեռարձակողների «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու նրա մտադրություններն ընդամենն ընդունվել են ի գիտություն:

Միևնույն ժամանակ, դիվանագիտական առաքելության ղեկավարի կողմից նշվել է ռուսական հեռուստաալիքների մշտական դիտողներ հանդիսացող ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը: 


Հռիփսիմե Հովհաննիսյան