Մյունխենում տեղի կունենա՞ Փաշինյան-Ալիև հանդիպումը. պարզաբանում կառավարությունից

10:34 • 15.02.20

Վարչապետը իր վերջին մամուլի ասուլիսում Մյունխենում հնարավոր հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն տվել էր։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին Կառավարությունից`պատասխանելով հարցին, թե արդյոք համաժողովի կազմակերպիչերից առաջարկ եղե՞լ է կազմակերպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում:

«Այդ մեկնաբանությանն ավելացնելու բան այս պահին չունենք»,- ասացին կառավարությունից:

Հիշեցնենք, որ Կապանում հունվարի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը չէր բացառել Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը:

«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,- ասել էր նա:

Հիշեցնենք նաև, որ  անցած տարի Անվտանգության համաժողովին հրավիրված էին եղել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, սակայն նրանք համաժողովին չեն մասնակցել:

Համաժողովից հետո, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Tert.am-ի հարցին, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշիգեր հույս էր  հայտնել, որ 2020-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կմասնակցեն համաժողովին:

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի կայքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը  ներառված է մասնակիցների ցանկում։


Հռիփսիմե Հովհաննիսյան