Էրդողանը տեղեկացրել է, որ թուրքական բանակը Լիբիայում 2 զոհ ունի

15:53 • 25.02.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարվելիք այցից առաջ Անկարայի օդանավակայանում պատասխանել է լրագրողներ հարցերին: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:

Թուրք առաջնորդը հաստատել է, որ Թուրքիան երկու զոհ ունի Լիբիայում:

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմնալ Քըլըչդարօղլուն քննադատել էր Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը և նշել էր, որ Թուրքիայի նախագահը իր երկրի շահերի համար լսում է ոչ թե երկրի ընդդիմությանը, այլ Վլադիմիր Պուտինին:

«Ինձ չի հետաքրքրում թե ինչ է ասում ընդդիմությունը: Կարող եմ թվով նշել (Լիբիայում թուրքական բանակի կորուստները): Պարոն Քեմալը եկել ու ուզում է մեզ խելք սովորեցնել: Արդեն հայտարարեցի տվյալները:  Ի՞նչ է անելու այդ տվյալները պարոն Քեմալը»,-ասել է Էրդողանը:

Էրդողանը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ թուրքական բանակը կորուստներ ունի, սակայն հստակ թիվ չէր նշել:

Հիշեցնենք, որ Լիբիայում Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության կառավարությանը:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկու իշխանություն է գործում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ: