Ես երբեք ոչ մեկից օգնություն չեմ խնդրել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ «Վստրեչի Ապեր»-ից տարիներ առաջ օգնություն խնդրելու մասին 

15:55 • 06.03.20

Իմ անազատության մեջ գտնվելու ժամկետը եղել է ընդամենը 72 ժամ, այդ ժամանակ իմ ընտանիքը որևէ աջակցության կարիք չի ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ «Վստերչի Ապեր»-ի  հայտարարությանն առ այն, թե ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Գևորգյանը անազատության մեջ են եղել, օգնել է նրանց և նրանց ընտանիքներին:

«Ես ոչ մեկից երբեք օգնություն չեմ խնդրել, աջակցություն չեմ խնդրել, ինձ աջակցել են իմ պաշտպանները: Բացարձակապես այլ օգնություն չեմ փորձել ստանալ, օգնության կարիք պիտի ունենային նրանք, ովքեր էդ գործը սարքել էին, անհաջող փնթի ձևով գործ էր սարքվել, որ իբր թե ես վրաերթ էի արել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Վարդանյանին պատկանող տարածքում իրավապահների գործողությունների  համաչափության խնդրին, Հայկ Գևորգյանն ասաց, որ դրա  մասին պիտի հարցնել  մասնագետներին, ինքը չի կարող գնահատական տալ:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կան տեսակետներ, որ կոշտ գործողությունների հրահանգ է  եղել՝ Հայկ Գևորգյանն ասաց. «Մանրամասներին չեմ տիրապետում, որևէ կերպ չեմ կարող գնահատել: Ծանոթ չեմ գործի մանրամասներին: Կրկնեմ՝ իրավապահ մարմիների դաշտում է  հարցը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այս օրերին այն մարդիկ, որոնց հետ կապված մեղադրանք է առաջադրվում, կամ ձերբակալելու որոշում է կայացվում, խոսում են այն մասին, որ սա հանրաքվեին ընդառաջ  աղմկահարույց շոու է, Հայկ Գևորգյանն ասաց. «Եթե ուզենայինք աղմուկ անել, մի 500 հոգու հենց հիմա կբռնեինք»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ժամը 2-3-ի սահմաններում, ըստ Արամ Վարդանյանի փաստաբանների՝ հարյուրավոր ոստիկաններ, մի մասը՝ դիմակավորված, ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն, բերման ենթարկել տանը գտնվող անձանց, երկուսը ձերբակալված են: Արամ Վարդանյանը տանը չի գտնվել: