Թուրքիան անտարբեր է ԼՂ-ի նկատմամբ, բայց հարաբերություների վատթարացման դեպքում հիմնախնդիրը օգտագործելու է ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար․ Սկակով

13:37 • 10.03.20

Մարտի 5-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև կայացած հանդիպումը չէր կարող լուծել Սիրիայում առկա բոլոր խնդիրները: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը:

«Բայց հանդիպումը այդ խնդիրները լուծելու  հարցում որոշակի շտապողականություն կստեղծի: Դա անհրաժեշտ է և՛ Մոսկվային, և՛ Անկարային»,- ասաց նա։

Իրավիճակը մեծամասամբ, Սկակովի նկատառմամբ, կախված է ոչ միայն Ռուսաստանից և Թուրքիայից, այլ նաև նրանց արբանյակներից՝ Ասադի ռեժիմից և Իդլիբի զինված խմբավորումներից:

«Իսկ նրանց կառավարելն այնքան էլ հեշտ չէ: Ամեն դեպքում, Պուտինն ու Էրդողանը, չնայած իրենց կողքին եղած «տաք գլուխների» քանակի, ցուցադրեցին, որ ունեն պայմանավորվածությունների գնալու ցանկություն: Նրանք երկուսն էլ բավականին համառ և  կոշտ գործիչներ են, դրա համար այդ փաստը բոլորին ձեռնտու էր։ Բայց, կարծում եմ, որ դեռևս մի քանի նման հանդիպումների կարիք է լինելու, որպեսզի հասնենք կարգավորման»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա դրանց վատացումը կունենա իր հետևանքները՝ Բաքվի կողմից զինված գործողություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Ալիևը իրավիճակն անպայմանորեն կօգտագործի, քանի որ Ռուսաստանի դիրքերը կթուլանան, և այն կախված է լինելու այլ հանգամանքներից՝ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններից և այլն։ Հենց նման սցենարի ականատես մենք արդեն եղել ենք, և դա ոչ վաղ անցյալում էր։ Եվ պետք է լինել հիմար՝ մտածելու համար, որ այդ ժամանակ կամ հետո Մոսկվան սանկցիաներ կկիրառի Ալիևի նկատմամբ ագրեսիա սկսելու համար։ Ինչո՞ւ պետք է Մոսկվան իր համար այնպիսի խնդիրներ ստեղծի, որոնց լուծելուն անկարող կլինի»,- ասաց նա։

Այս պահի ստատուս քվոն, ըստ վերլուծաբանի, ամենախելացի տարբերակն է։ «Թուրքիան, ընդհանուր առմամբ, անտարբեր է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց հարաբերություների վատթարացման դեպքում  հիմնախնդիրն անպայման օգտագործելու է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասաց նա։


Հռիփսիմե Հովհաննիսյան