Ռոբերտ Քոչարյանի գործով հետաձգված դատական հաջորդ նիստի օրը դեռ չի նշանակվել. դեռ պարզ չէ դատավորի վատառողջ լինելու պատճառը. պաշտպաններ

18:35 • 18.03.20

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ դատավորի վատառողջ լինելու պատճառով:

Այսօր Tert.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել, քանի որ դատական նիստին չի մասնակցել, սակայն նշեց, որ դատավորի վատառողջ լինելու մասին տեղեկացել են հեռախոսով:

«Թե ինչ խնդիրներ են այս պահին՝ տեղեկացված չենք, բայց ակնկալում ենք, որ հաջորդ նիստին կիմանանք: Մենք պարզապես տեղեկացել ենք, որ ժամանակավոր անաշխատունակության մեջ է: Ամեն դեպքում դատավորին առողջություն եմ մաղթում»,-ասաց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ երեկվա  նախատեսված դատական նիստում պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, քանի որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք պատահականություն է այս նիստի ժամանակ դատավորի չներկայանալը, երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց՝ այդքան էլ հակված է այն մտքին, որ սա բնականոն երևույթ էր:

«Ավելի հակված եմ մտածել, որ այստեղ ինչ-որ բան հարմարեցված էր նիստը չկայանալուն: Չգիտեմ, ամեն դեպքում վերջնական տեսակետս կձևավորեմ, երբ դատավորը նիստի ժամանակ կներկայացնի իր բացակայության պատճառները»,- նշեց Ալումյանը:

Հարցին՝ արդեն որոշվե՞լ է, թե որ օրն էլ լինելու հաջորդ նիստը, Ալումյանը պատասխանեց, որ դեռ օրը նշանակված չէ: