Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com

19:17 • 28.04.20

Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասել են, որ մահացածներից մեկը Նորատուս համայնքից է, մյուսն էլ ռազմական ոստիկանության քննիչ է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների եւ վիրավորների ինքնությունը:

Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներից 2-ը տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ՝ Երեւանի հիվանդանոցներ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան հետքեր: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները: