Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվեց, քանի որ վերահսկողություն չկար, հույսը դրվել էր քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա. բժիշկ Լամարա Մանուկյան
Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվեց, քանի որ չկար վերահսկողություն, չկար համագործակցություն քաղաքացիների ու պատկան մարմինների միջև, հույսը դրվել էր քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը:
Բժշկուհու խոսքով՝ կային մի քանի գործողություններ, որոնք պետք է ի սկզբանե կատարվեին, որ այսօր թվերի նման աճ չգրանցվեր, մինչդեռ, ըստ Մանուկյանի, մասսայական կանխագելման որևէ միջոց չի ձեռնարկվել և որդեգրվել է ինքնապաշտպանության քաղաքականություն:
«Պետք էր անել զանգվածային թեստավորում, եթե դա արվեր այն ժամանակ, երբ մի քանի հարյուր հոգի էին վարակակիրները, այժմ էական տարբերություն կլիներ: Պետք էր անել այնպիսի թեստեր, որոնք ցույց կտային նաև, թե տվհալ անձը եղե՞լ է վարակակիր, քանի որ տարածման հիմնական պատճառը անգագնատ քաղաքացիների՝ մյուսների հետ շփումն է: Եթե զանգվածային թեստավորման խնդիր կար, պետք էր ստուգել քաղաքացիների թթվածնային հագեցվածության (սատուրացիա) աստիճանը, և գոնե նրանց թեստավորել, եթե իջեցում նկատվեր, հատկապես՝ խոցելի խմբերի մոտ»,-ասաց Մանուկյանը՝ նշելով նաև, թե արդյունավետ կարող էր լինել նաև իրապես խիստ կարանտինային ռեժիմը՝ մի քանի ամսով:
«Եթե ի սկզբանե խիստ կարանտինը պահվեր, այս պատկերը չէր լինի: Ցանկացած բնագավառում հաղթանակի գրավականը երկու բան է՝ վերահսկողություն և պատժելիություն: Ինչ-որ միջոցառումներ արվեցին, որոնք բավարար չէին»,-նշեց նա:
Բժշկուհու խոսքով՝ այժմ էլ իրեն դիմած բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք մինչ օրս չեն հավատում վիրուսի գոյությանը կամ դրա բարդությանը, և հղում են կատարում վարչապետի, առողջապահության նախարարի այն հայտարարություններին, թե կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն չէ:
«Խնդիր էր, որ տարբեր հարթակներից պաշտոնյաների կողմից եղան հակասական հայտարարություններ, որոնք բնակչությանն անհավատություն ներշնչեցին կորոնավիրուսի գոյության կամ դրա բարդության մասին: Եղան հակասական հայտարարություններ նաև դիմակի արդյունավետության մասին. սկզբում ասվում էր, թե այն չի պաշտպանում վիրուսից, հիմա հակառակն է ասվում»,-նշեց Մանուկյանը:
Նա խնդրահարույց համարեց, որ օրական վարակվածների և բուժվածների տարբերությունը գրեթե 7-8 անգամ տարբերվում է, ինչը առողջապահական համակարգի համար էական ծանրաբեռնվածություն է առաջացնում:
Մանուկյանի դիտարկմանբ՝ այժմ պետք է նորից անցնել խիստ կարանտինային ռեժիմի՝ միաժամանակ քաղաքացիներին տրամադրելով կենսական անհրաժեշտության գնումների համար գումար, փոխհատուցել կումանալ վճարները, երկարաձգել վարկային պարտավորությունների կատարման ժամկետները: «Ներկա պատկերի շարունակման դեպքում մինչև օգոստոսի կեսերը կլինի կորնավիրուսի 50․000 դեպք, ու սարսափելին այն է, որ այժմ ո՛չ հիվանդանոցային, ո՛չ բուժանձնակազմի ռեսուրս չկա»,-ասաց Լամարա Մանուկյանը:
Հիշեցնենք՝ այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9402-ի, մահվան դեպքերինը՝ 194-ի: Առողջացել է 3402 քաղաքացի:










