«Ես բունկեր եմ գնացել ոչ թաքնվելու, այլ ստուգելու նպատակով»․ Թրամփը մեկնաբանել է օրերս բունկեր տեղափոխվելու մասին լուրերը

12:11 • 04.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ անցած ուրբաթ երկրի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ոչ թե թաքնվել է Սպիտակ տան բունկերում, այլ «պարզապես ստուգել է այն», գրում է Business Insider-ը։

Չնայած ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին՝ Թրամփը FOX News Radio-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր այցը բունկեր եղել է ուրբաթ կեսօրին, այլ ոչ թե գիշերը, և այնտեղ է եղել բունկերը «ստուգելու նպատակով»։

«Ես այնտեղ եմ եղել կարճ ժամանակահատվածով։ Ինձ ասացին, որ հիմա ճիշտ ժամանակն է այնտեղ գնալու և ստուգելու, որովհետև, հնարավոր է՝ մի օր անհրաժեշտ լինի»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները մայիսի 29-ին Սպիտակ տան մոտակայքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփին բունկեր են տեղափոխել։